Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 9-ին Արգենտինայի հավաքականը կխաղա Նիդերլանդների թիմի հետ։
Դա պարզվեց րոպեներ առաջ, երբ քառորդ եզրափակիչ հանդիպմանը Նիդերլանդների հավաքականը խաղավերջյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի նկատմամբ։
Խաղի ինչպես հիմնական ժամանակում, այնպես էլ լրացուցիչ 30 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց, թեև Նիդերլանդները բացահայտ առավելություն ուներ, և Կոստա Ռիկայի դարպասապահ Քեյլոր Նավասը քանիցս իր թիմին փրկեց անխուսափելի թվացող գոլից, մի քանի անգամ էլ հոլանդացիների հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Կոստա Ռիկայի հավաքականը, այդուհանդերձ, նույնպես գոլային պահեր ունեցավ, սակայն չկարողացավ հաջողության հասնել։
Քեյլոր Նավասը հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում։