Այս տարվա բուհական ընդունելության քննությունները, դիմորդներից ոմանց կարծիքով, ի տարբերություն նախորդ տարիների՝ բավական բարդ են:
Չնայած այն հանգամանքին, որ դիմորդներից շատերը մեկ-երկու տարի կրկնուսույցների մոտ պարապել են, բարձր միավորներ չեն ստացել:
«Թեստերը բավականին բարդացել են այս տարի՝ շփոթեցնող հարցեր կան, ծուղակային հարցեր կան, բարդ հարցեր կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի դիմորդ:
«Ես էդքան չեմ կարծում, որ դպրոցի գիտելիքներով հնարավոր է էս քննությունները տալ, մանավանդ որ բարդացրեցին էսքան թեստերը՝ մի չորս անգամ բարդ է», - ասաց մեկ այլ դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, «Ազատության» հետ զրույցում ամփոփելով քննությունների առաջին փուլը, նշեց, որ յուրաքանչյուր քննությունից դրականի շեմը չի հաղթահարել դիմորդների 7-15 տոկոսը:
Դիմորդների դժգոհությունները, թե որոշ թեստեր անցյալ տարվա համեմատ բարդ են, Մելիքյանն ընդունում է: «Անցած տարվա վերլուծությունը ցույց տվեց, որ կենսաբանություն առարկայից և օտար լեզուներից՝ անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, այս պատկերը փոքր-ինչ խախտված է՝ բարձր միավորներ շատ էին ստացողները: Երբ որ մենք վերլուծեցինք, տեսանք, որ թեստերը հեշտ էին: Այս տարի կարող ենք հստակ արձանագրել, որ գնահատականները՝ միջին միավորները, եկավ հավասարվեց քիմիայի և ֆիզիկայի միջին միավորներին, անգլերենի արդյունքները նույնպես փոքր-ինչ իջան», - նշեց նա:
Կենտրոնի տնօրենն ասում է, որ եթե նախորդ տարիներին քննությունների արդյունքները բողոքարկում էին հազարավոր դիմորդներ, այս տարի նրանց թիվը չի անցնում 400-ը, իսկ դժգոհությունները հիմնականում կապված են տեխնիկական խնդիրների հետ:
Այս տարի քննություններին հնարամիտ դիմորդների պակաս չի զգացվել՝ նրանց մոտ հայտնաբերվել են տարբեր հուշող սարքեր:
«Մենք ունենում ենք դիմորդներ, որոնց մոտից երեք հեռախոս ենք հայտնաբերում, հաջորդ տեսակը՝ դա մենք հայտնաբերել ենք, որ տարբեր տիպի, ասենք, հաշվիչների մեջ տեղակայում են հիշող սարք ունեցող բաներ, արտատպած շտեմարաններ, ընդհուպ այդպիսի սարք մենք տեսել ենք ժամացույցի մեջ», - պատմեց Մելիքյանը:
Որոշ առարկաների գծով քննություններն այս տարի բավական լարված են անցել, օրինակ՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում անցկացված գծագրության քննությունը 137 դիմորդներից շատերի դժգոհության պատճառ է դարձել: Ինչպես նշեց դիմորդներից մեկը, քննությունն անցել է ակնհայտ խախտումներով:
«Ամենամեծ կետը, որը օրենքով խախտվել է, այն է, որ քննական տոմսերը չեն տրամադրվել վիճակահանությամբ, այլ բաժանվել են հանձնաժողովի անդամների կողմից առձեռն, որի արդյունքում իրենք արդեն կարող էին իմանալ՝ ում ինչ բաժանել, ում որ տոմսը տան: Խստիվ արգելվում էր մեր լուծած խնդիրների պատճենը տրամադրել՝ իրենք դա պատճառաբանում են նրանով, որ A2 չափսի թղթի քսերոքսի ապարատ չեն կարող ճարել», - պատմեց երիտասարդը, որը «հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար» չցանկացավ ներկայանալ:
Նա նաև նշեց, որ քննական խնդիրները բավական բարդ են եղել և դպրոցական ծրագրում ներառված չեն եղել:
Դիմորդներից մեկի ծնողն էլ նշում էր, թե քննության ընթացքը չի տեսագրվել, ինչը ևս խախտում է: Այդ իսկ պատճառով, իրենք այժմ ոչինչ չեն կարողանում ապացուցել, ասում է նա:
«Երեխաները, ոչ մեկի թույլ չեն տվել իրենց անուն-ազգանունները գրեն իրենց աշխատանքների վրա՝ ո՛չ անուն-ազգանուն, ո՛չ ստորագրություն, փոքր թղթի վրա գրվել է անուն-ազգանունը ու այդպես կցվել է երեխաների աշխատանքներին: Ոչ մի տեղ, ոչ մի քննության ժամանակ այդպիսի բան չի արվում», - ասաց դիմորդի ծնողը՝ շարունակելով․ - «Այսինքն, դա, ես չգիտեմ, միգուցե արվում է նրա համար, որ կարողանան ինչ-որ բան ավելացնեն գծագրության վրա, ավելի ճիշտ սարքեն: Երեխաները հիմիկվանից արդեն հիասթափված են, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ոնց պետք է իրենք սովորեն էդ բուհում»:
«Ազատության» զրուցակիցները նշեցին, որ այս խնդիրների հետ կապված դիմել են Կրթության և գիտության նախարարություն և պահանջել նոր քննության անցկացում:
Նախարարությունից հայտնեցին, որ այժմ ուսումնասիրվում են դիմորդների բողոքները: