Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները քաղաքացիների համար մեղմելու նպատակով Կառավարությունը բավարար քայեր է ձեռնարկել, կարծում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Օգնություն կտրամադրվի 105 հազար ընտանիքների, որոնք նպաստառուների ցուցակներում ընդգրկվածներն են։ Ամսական 1000 դրամ (մոտ 2․5 դոլար) օգնությունը, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի ներկայացրած հաշվարկներով, ոչ միայն բավարար է, այլև միջինում 270 դրամով ավելի։
«1000 դրամը հաշվարկված է, որ ընդամենը յուրաքանչյուր ընտանիքի վրա 730 դրամի կարգի ազդեցություն պետք է ունենա [էլեկտրաէներգիայի թանկացումը], և 1000 դրամը, այդ խնդիրը կարծես թե, միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը, կարգավորված է», - ասաց Բաղդասարյանը շաբաթ օրը ասուլիսի ժամանակ:
էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարող «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամների համար հանրապետական Կառավարության մոտեցումը անհասկանալի է՝ Հայաստանում պաշտոնական տվյալներով աղքատ է մոտ մեկ միլիոն մարդ, մինչդեռ օգնությունը տրամադրվելու է նրանց 10 տոկոսին։ Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը ուշադրության հրավիրեց նաև մեկ այլ փաստի վրա՝ էլեկտրաէներգիայի գների բարձրացման արդյունքում կբարձրանան նաև մի շարք ապրանքների գներ, մինչդեռ այդ մասին Կառավարությունը ընդհանրապես չի խոսում։
«1000 դրամ ավելացնելը դա ծիծաղելի է, խեղկատակություն է, իսկ Հանրապետականի որևէ հաշվարկ, որ ասում են՝ «մենք հաշվարկներ ենք կատարել», անհայտ է ընդհանրապես՝ իրենք ինչ հաշվարկներ են ընդհանրապես անում: Ես անձամբ չեմ հավատում, եթե իրենք լուրջ բաներ են խոսում, թող ներկայացնեն թվերով և կոնկրետ էդ հաշվարկների ձևերը, որպեսզի մարդիկ համոզվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը:
Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը հայտարարել էր, որ պայքարը շարունակելու են։
Նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանը և Գևորգ Սանոյանը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ այսօր ժամը 22-ից ի նշան բողոքի քաղաքացիները մեկ ժամով կանջատեն տների էլեկտրականությունը: Սա, նրանց խոսքով, բողոքի ակցիաների շարքի միայն սկիզբն է։
«Էլեկտրաէներգիայի անջատումը ինքը ուղղակի բոյկոտ է, բողոքի ակցիա, և դրա կարևորագույն մասնիկը՝ որ միասնական կատարվի, այսինքն՝ ժողովուրդը զգա էդ միասնական էներգետիկան», - նշեց Ավետիսյանը:
«Վնաս, ինձ թվում է, որպես այդպիսին, չենք էլ մենք կանխատեսել կամ նախատեսել ու նպատակ էլ չենք ունեցել վնաս հասցնելու: Սա ուղղակի բողոքի ցույց է, բողոքի ցույցերի ձևերից մեկն է», - հավելեց Սանոյանը:
Այսպիսի ակցիաները Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով անիմաստ են, քանի որ թանկացումը հիմնավոր է։ Նա պատմեց, թե ինչպիսի երկար ու ծանր քննարկումների արդյունքում է կայացվել որոշումը: Բաղդասարյանի խոսքով՝ թանկացմանը դեմ են եղել թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
«Չի կարող Հայաստանի Հանրապետությունում գտնվել մի մարդ, որը կողմնակից լիներ սակագների բարձրացմանը», - ասաց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
«Ազատության» այն դիտարկմանը, թե այդ դեպքում միգուցե Հանրապետական կուսակցության անդամներն էլ միանան բողոքի ակցիային և երեկոյան մեկ ժամով անջատեն էլեկտրաէներգիան, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Եթե մենք լինեինք այն կարծիքին, որ չհիմնավորված է թանկացումը, առաջինը կարող է մենք այդ ակցիային մասնակցեինք, բայց քանի որ մենք մանրակրկիտ և մանրամասն ուսումնասիրել ենք հնարավորությունները և տարբերակները, այդ դեպքում ես իմաստ չեմ գտնում այդ ցույցին մասնակցելու»:
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները վճռական են տրամադրված, էլեկտրաէներգիան այսօր մեկ ժամով անջատելուց հետո ևս մի քանի բողոքի ակցիաներ կանցկացնեն, ինչպես նաև քաղաքացիներին կոչ կանեն չվճարել էլեկտրաէներգիայի գումարը։