Մատչելիության հղումներ

Դատախազության պնդմամբ՝ Կոստանյանը չի խախտել անմեղության կանխավարկածը


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Անմեղության կանխավարկածը չի սահմանափակում իրավունքի սուբյեկտների արտահայտվելու իրավունքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան արձագանքելով զինվոր Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալի պաշտպանների քննադատությանը։

Հիշեցնենք՝ ծառայակցին սպանելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Վաղարշակ Գևորգյանը երեկ լրագրողներին ասել էին, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խախտել է անմեղության կանխավարկածն ու կաշկանդել դատարանին արդար վճիռ կայացնելու հարցում՝ հեռուստատեսությամբ հայտարարելով․ - «Ես կարծում եմ, որ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար»։

Դավիթ Խաչատրյանի պաշտպանների մեղադրանքներին ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը նշում է, որ դատախազությունը հանդիսանում է քրեական հետապնդման մարմին, մեղադրանքի պաշտպանության գործառույթ իրականացնող, և ոչ մի դեպքում անմեղության կանխավարկածը չի արգելում, որպեսզի դատախազը ներկայացնի անձի մեղավորության վերաբերյալ ապացույցների հիման վրա ձևավորված իր համոզմունքը:

«ՀՀ գլխավոր դատախազը գնահատել է նախաքննության արդյունքները, նախաքննական մարմնի կատարած աշխատանքը, որի օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ դատախազությունը: Ըստ այդմ, քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակցության, վերլուծման և համադրման, ինչպես նաև կատարված քննչական և դատավարական գործողությունների հիման վրա, դատախազը հաստատում է մեղադրական եզրակացությունը և դատարանում պաշտպանում է մեղադրանքը», - ասված է Գլխավոր դատախազության պատասխանում:

Դատախազության մասնագետները նաև վկայակոչում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որով, ինչպես իրենք են պնդում, «ևս հաստատված է, որ դատախազության հայտարարությունները, այդ թվում նաև ԶԼՄ-ներով, չեն կարող հանդիսանալ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում»: «Իսկ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող անկախ մարմին, որևէ ձևով կաշկանդված չէ և չի էլ կարող լինել ոչ դատախազի, ոչ փաստաբանի, և ոչ էլ ԶԼՄ-ների հայտարարություններից», - ընդգծում է Գլխավոր դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG