Տարածված տեղեկատվությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը, չի արտացոլում իրականությունը: Այդ մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ հավելելով, որ գերատեսչության անունից այդ հարցի կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կտարածվի:
Թուրքական Taraf թերթը հաղորդել էր, թե սեպտեմբերին նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացումը, նախապատրաստական աշխատանքները նախաձեռնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Taraf-ի վարկածով՝ անցակետի բացման նպատակը ԱՄՆ-ի և Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է և Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Անկարայի նկատմամբ ճնշման թուլացումը: