Այսուհետ «Էթիհադ Էյրվեյզ» ընկերությունը շաբաթական չորս անգամ կիրականացնի Աբու Դաբի - Երևան նոր չվերթը։ Ընկերություն անդրանիկ EY298 թռիչքն այսօր վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ընկերության հաղորդագրության համաձայն, Աբու Դաբի - Երևան նոր երթուղին սպասարկվելու է երկրորդ դասի «A320 Էյրբաս» օդանավով, որը նախատեսված է 136 ուղևորների, ներառյալ՝ բիզնես դասի 16 ուղևորների և էկոնոմ դասի 120 ուղևորների համար: Ուղևորափոխադրումների շաբաթական ծավալը հասնելու է 1088-ի:
«Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասել է, որ նոր թռիչքները նպատակաուղղված են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև առկա մեծածավալ և աճող պահանջարկի բավարարմանը։
«Ողջունելի է, որ «Էթիհադ Էյրվեյզ»-ի ուղղությունների ընդլայնվող ցանցն այժմ ընդգրկում է նաև Երևանը։ Է'լ ավելի կարևոր է, որ «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության նոր թռիչքները կբարելավեն Հայաստան և Հայաստանից մեկնելիս այլ ուղղությունների հասանելիությունը՝ Աբու Դաբիում գտնվող բազայի միջոցով կազմակերպելով տարանցիկ փոխադրումները թե′ Պարսից Ծոցի քաղաքներ, թե′ Հյուսիսային Ամերիկայի կարևորագույն քաղաքներ», - ասել է Մյուլերը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը և կխթանի Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը:
Նշենք, որ «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2013 թվականին այն փոխադրել է 11.5 միլիոն ուղևորներ: Ավիաընկերությունն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 102 օդանավ, 220 լրացուցիչ օդանավ էլ նոր է պատվիրել։