Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ Բաքվի հռչակագիրը կոչ է անում ակտիվացնել խաղաղ կարգավորման ջանքերը


ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը Բաքվում, 30-ը հունիսի, 2014թ․
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը Բաքվում, 30-ը հունիսի, 2014թ․

Ադրբեջանի մայրաքաղաքում Վեհաժողովի ընդունած փաստաթղթերի շատ կետեր վերաբերում են Ուկրաինայի իրավիճակին:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բաքվում ընդունված հռչակագրում ընդգծված է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար, բանակցությունների միջոցով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ, ձեռնպահ մնալ ուժի կամ այն կիրառելու սպառնալիքներից՝ համապատասխան 2010 թվականին Աստանայում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը ընդունված կոչերին:

Մեկ այլ կետով վերահաստատվում է, որ ԵԱՀԿ-ի տարածքի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացների առաջընթացն ու խաղաղ կարգավորումը հանդիսանում են կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Ընդունված փաստաթղթերի՝ հռչակագրի ու բանաձևերի շատ կետեր վերաբերում են Ուկրաինայի իրավիճակին:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անեքսիան: ԵԱՀԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում չճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:

Հռչակագրի մի ամբողջ բանաձև վերաբերում է Հելսինկյան սկզբունքների՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնհայտ խախտումներին:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ Հելսինկյան սկզբունքների ակնհայտ ու բիրտ խախտումները, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտումը:

Վեհաժողովը դատապարտում է Ուկրաինայի տարածքի օկուպացիան:

Ղրիմի հանրաքվեն ոչ լեգիտիմ և անօրինական է համարվում, որի արդյունքը իրավական որևէ ուժ չի կարող ունենալ: ԵԱՀԿ ԽՎ-ն ուժեղ աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը, միասնականությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Հռչակագրի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնում, որ կազմակերպության անդամ շատ երկրներում՝ ներառյալ Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում, իշխանությունները չարաշահում են վարչական ու օրենսդրական լծակները հակառակորդներին կամ իրավապաշտպաններին ձերբակալելու, կալանելու, վախեցնելու կամ լռել պարտադրելու համար:

Առանձին կետով խորը մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ու իրավապաշտպան Անար Մահմադլիի գործի կապակցությամբ: Նշված է, որ նա վերջերս բանտարկության է դատապարտվել ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող դատավճռով: Ադրբեջանի իշխանություններին հետևողականորեն կոչ է արվում ուղիներ գտնել Մահմադլիի նկատմամբ արդարությունը վերականգնելու, նրան, ինչպես նաև քաղաքականացված դատավարությունների մյուս զոհերին հնարավորություն ընձեռել շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովմանն ուղղված իրենց գործունեությունը:

Ներքին տեղահանվածների հարցով նորից կոչ է արվում ապահովել բոլոր ներքին տեղահանվածների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց նախկին բնակավայրերը, անհրաժեշտության դեպքում ապահովել միջազգային հումանիտար օգնության հասանելիությունը՝ նպատակ հետապնդելով աստիճանաբար մերձեցնել Վրաստանի ու Աբխազիայի, Վրաստանի ու Հարավային Օսիայի հասարակությունները:

Բաքվում ընդունված հռչակագրի ու բանաձևերի տեքստերը տեղադրված են ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում:

Այս կառույցի ընդունած փաստաթղթերը պարտադիր իրավական ուժ չունեն, ավելի շատ խորհրդատվական բնույթ են կրում՝ նաև առաջարկելով, որ Նախարարների կոմիտեն անդրադառնա ու քննարկի դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG