Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։
Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների։
Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով շրջանավարտներին` նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. - «Դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով։ Ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն: