Մատչելիության հղումներ

ԹԻ. Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մոտ են շատ բարձրին


«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը առաջին անգամ գնահատել է պաշտպանության հաստատություններում կոռուպցիայի մակարդակը:

Ըստ այդ ուսումնասիրության՝ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ կոռուպցիոն ռիսկերը այս ոլորտում բարձր են: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ Հայաստանը եզրագծին է և ընդամենը մեկ միավոր ավելի ունենալու դեպքում ավելի վատ դիրքերում կհայտնվի, այսինքն շատ բարձր ռիսկեր ունեցող երկրների շարքում:

«Իրականում Հայաստանի պատկերը բավականին լուրջ է»,- ասում է Այվազյանը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած կառավարման ստորին մակարդակում պայքարի որոշ դեպքեր արձանագրվել են, բայց քաղաքացիները դեռևս կոռուպցիայի նվազում չեն զգում: Կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն նրանց ընդունված է ազատել աշխատանքից, այնուհետև վերականգնել այլ պաշտոններում, իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների քննությունը մտել է փակուղի: Նաև բանակի համար կատարվող գնումների մասին տեղեկատվությունը մեծ մասամբ գաղտնի է, ինչը բարձր կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է հանդիսանում:

Քննարկմանը ներկա Զինված ուժերի գեներալներից մեկը, սակայն, անհիմն համարեց թափանցիկ չլինելու մասին այս մեղադրանքները, ասելով, թե պաշտպանության համակարգում թափանցիկություն ապահովել հնարավոր չէ. - «Կան բաներ, որ հասարակության համար մատչելի և քննարկելի չեն, գործ ունենք պաշտպանության կառույցի, երկրի անվտանգության հետ»։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վիրաբ Խաչատրյանը հակադարձեց.- «Մենք ունենք հարկատուներ, պետական աշխատողների աշխատավարձերը վճարվում են, պետական գնումները իրականացվում հարկատուների միջոցների հաշվին։ Ընդամենը ֆինանսական հաշվետվության մասին է խոսքը, ոչ մեկը չի հարցնում քանի ռումբ են արտադրել, քանի տանկ են սպասարկել»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կասկածում է, որ այս հետազոտությունը, որը ըստ էության ահազանգ է պաշտպանության ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին, հիմք կհանդիսանա քաղաքական որոշումների ընդունման ու վիճակը շտկելու համար: Սաքունցի խոսքով՝ գաղտնիության փողի տակ մեծ կոռուպցիոն ռիսկեր են թաքնված:

«Գաղտնիության անվան տակ կոծկում են հանցագործություններ»,- պնդում է նա.- «Ժամանակին հնարավորություն եմ ունեցել հրապարակել, որ դիպուկահարների համար զենքի տեսակը, որ միջազգային շուկայում 3000-5000 դոլար է արժեցել, գնվել է 15 հազար դոլարով։ Բացարձակապես ոչ մի առարկում կամ քրեական գործի հարուցում սուտ մատնության համար ինձ չեն ներկայացրել։ Իսկ պաշտպանության նախարարի տարեկան ուղերձը, որը բաժանվում է նախարարության անձնակազմին, 200-250 հազար դոլարը բավականին մտահոգիչ է։ Թիվ է դա։ Բոլորը գիտեն, բայց երբ դրա մասին ասվի, դա կհամարվի գաղտնազերծում։ Բայց դա իսկապես այդպես է, հերքող չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG