Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սպասում է Ռուսաստանի պատասխանին


Բելգիա - Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասուլիս է տալիս Եվրամիության երկրների առաջնորդների՝ Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում, Բրյուսել, 27-ը հունիսի, 2014թ․
Բելգիա - Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասուլիս է տալիս Եվրամիության երկրների առաջնորդների՝ Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում, Բրյուսել, 27-ը հունիսի, 2014թ․

Այսօր լրանում է Եվրամիության սահմանած եռօրյա վերջնաժամկետը, որից հետո եթե իրավիճակը Ուկրաինայի արևելյան շրջաններում չփոխվի, ապա Եվրոպան պատժամիջոցների հերթական չափաբաժինը կկիրառի Ռուսաստանի նկատմամբ:

Թե որոնք են Եվրամիության պահանջները Ռուսաստանից՝ ուրբաթ օրը Բրյուսելում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն․

«Մինչև հունիսի 30-ը պետք է հետևյալ միջոցները ձեռնարկվեն, առաջինը` ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցնել հրադադարի և սահմանին իրավիճակի մոնիթորինգի մեխանիզմները:

Երկրորդ, Ուկրաինայի կառավարական ուժերին պետք է վերադարձվեն գրավված անցակետերը:

Պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները, այդ թվում և ԵԱՀԿ-ի դիտորդները, և պետք է լիարժեք բանակցություններ սկսվեն խաղաղ ծրագրի շուրջ:

Եթե դա տեղի չունենա, ապա Եվրոպական խորհուրդը արդեն ունի համաձայնեցված պատժամիջոցներ, որ պատրաստ է կիրառել յուրաքանչյուր պահի»:

Ուրբաթ երեկոյան Պորոշենկոն նաև հայտարարել էր, որ երկարաձգում է հրադադարի ռեժիմը ևս երեք օրով, և այսօր երեկոյան Ուկրաինայի ժամով ժամը 22-ին փաստորեն լրանում է նաև այս երկարաձգված հրադադարի ժամկետը:

Հանգստյան օրերին Դոնբասի առաջնորդները կատարեցին Պորոշենկոյի և Եվրոպական խորհրդի պահանջներից մեկը` ազատ արձակեցին գերության մեջ գտնվող ԵԱՀԿ-ի վերջին չորս դիտորդներին, որոնց հետ կապը կորել էր մայիսի 29-ին:

Այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ իրենք կատարել են իրենց առջև դրված պայմանը, թեև դա հեշտ չի եղել, քանի որ ԵԱՀԿ-ի դիտորդները իրենց վերահսկողության տակ չգտնվող հրամանատարների մոտ էին պահվում:

Ակնկալվում է, որ այսօր` այս երկու վերջնաժամկետների ավարտի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց կունենան: Այդ մասին երեկ հայտնել է Ուկրաինայի նախագահի կայքէջը` տեղեկացնելով, որ այդ պայմանավորվածությունը առաջնորդները ձեռք են բերել կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Հեռախոսազրույցի ընթացքում Պորոշենկոն զրուցակիցներին տեղեկացրել է, որ Ուկրաինան լիարժեք կերպով պահպանում է հրադադարը և կատարում է այն պարտավորություննեը, որ ստանձնել է խաղաղ ծրագրով: Ուկրաինայի նախագահը, սակայն, մտահոգություն է հայտնել, որ վերջին օրերին հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել անջատողականների կողմից, և ընդգծել է, որ հրադադարը պետք է պահպանվի բոլոր կողմերից:

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ապստամբներից պահանջում է վերադարձնել գրավված սահմանային անցակետերը, իսկ Պուտինին Ուկրաինայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի կողմից ուժեղացնել սահմանային հսկողությունը: Հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահը նաև հանձնարարել է երկրի սահմանապահ ծառայությանը խորհրդակցություն անցկացնել ռուսաստանցի գործընկերների հետ սահմանը արդյունավետ վերահսկելու նպատակով:

Կրեմլի հաղորդագրության համաձայն` չորս երկրների առաջնորդները ողջունել են ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու փաստը, նրանք նաև դրական են գնահատել հունիսի 27-ին Դոնեցկում կայացած խորհրդակցությունները հակամարտող կողմերի միջև:

Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, իր հերթին, հայտնում է, որ Մերկելն ու Օլանդը ընդգծել են Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարգավորելու համար հետագա կոնկրետ քայլերի և նախագահ Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրականացման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG