Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսական աճին, սակայն դա չի հանգեցնի «դրամատիկ իրավիճակի»:
Ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում Ուլյուկաևն այսօր ասել է, որ Ռուսաստանը նախապատրաստվել է հնարավոր պատժամիջոցների երեք տարբեր սցենարների: Դրանցից ամենամեղմը ենթադրում է պատժամիջոցներ շքեզ ապրանքների` մորթեղենի ու ձկնկիթի նկատմամբ, ամենախիստը` մետաղների, նավթի ու գազի:
Այս վերջին դեպքում, ըստ Ուլյուկաևի, «տնտեսական աճի տեմպը կհայտնվի բացասական տիրույթում», թեև տնտեսությունը կկարողանա դիմանալ այդ սցենարին:
Առայսօր գործադրված Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցները վերաբերում են որոշակի անհատների ու խմբերի, բայց ոչ ռուսաստանյան տնտեսության ամբողջական ոլորտների: