Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ժամանել է Ռիգա, որտեղ նույն օրը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի՝ Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:
Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը Լատվիայի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ ու հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Աբոլտինան ընդգծել է, որ Սեյմասում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է։
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել խորհրդարանական մակարդակով հայ - լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ, կարևորվել են անցյալ տարի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։
Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։
Արծարծվել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, 2015 թվականի առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև Սեյմասի Լատվիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ, որոնց ներկայացրել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվել են հայ - լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:
Այսօր Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչսի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարարն ասել է, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը, և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Նալբանդյանն ու Ռինկևիչսը նշել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Նախարարներն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերին:
Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը, և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային գործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։
2015 թվականի առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։
Նալբանդյանը լատվիացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։