Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ավելի շատ ջանում են կանխել պատերազմը, քան թե փորձում են վերականգնել արդարությունը:
«Ցավոք, այդ հարցով զբաղվող միջնորդները ջանում են ոչ թե լուծել հակամարտությունը, այլ զբաղված են փոխադարձ վստահության միջոցները ամրապնդելով: Փոխադարձ վստահության առաջին քայլը կլինի հայկական զորքերի դուրսբերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից: Բանակցությունները պետք է տարվեն ըստ էության: Ցավոք, միջնորդները ավելի շատ ջանքեր են գործադրում պատերազմը կանխելու ուղղությամբ, քան թե արդարությունը վերականգնելու» , - ասել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը այս հայտարարություններով հանդես է եկել հինգշաբթի օրը: Նա հետևել է ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլին, ինչից հետո ելույթ է ունեցել:
«Ինտերֆաքս - Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, շարունակելով իր ելույթը՝ Ալիևը ասել է, թե նման պայմաններում Ադրբեջանը մեծացնում է ուշադրությունը բանակաշինության նկատմամբ և կշարունակի դա անել:
«Եթե բանակցությունները արդյունք չտան, մեզ ուրիշ ճանապարհ չի մնում: Մենք պատերազմ չենք ցանկանում, ձգտում ենք, որ խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, բայց մենք տեսնում ենք, որ 20 տարվա ընթացքում հարցը չի լուծվում: Այն ուժերը, որոնք ցանկանում են հակամարտությունը սառեցված պահել, հասնում են իրենց նպատակին: Մենք չենք ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ և չենք հաշտվի: Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց միաժամանակ մենք ցանկանում ենք հետ ստանալ մեր հողերը, մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը», - հայտարարել է Ալիևը:
Նա ասել է, թե Ադրբեջանի պահանջները «հիմնված են պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա»:
Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, միջազգային հանրությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ոչ ոք երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Ադրբեջանը «երբեք թույլ չի տա իր տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետություն»:
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և մենք սրանից ոչ մի քայլ չենք նահանջի», - ասել է Ադրբեջանի նախագահը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավված էր շուրջ 4 հազար զինծառայող, 80 տանկ, մոտ 100 զրահամեքենա, 80 հրետանային համակարգ, 10 ռազմական օդանավ, 20 ուղղաթիռ: