Մատչելիության հղումներ

Պուտինը Ուկրաինա զորք մտցնելու որոշումը չեղարկելու խնդրանքով դիմել է Դաշնության խորհրդին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է խորհրդարանի վերին պալատին՝ Դաշնության խորհրդին՝ չեղյալ համարելու ռուսական զորքը Ուկրաինա մտցնելու թույլտվության որոշումը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դիմումը նպատակ է հետապնդում Ուկրաինայի արևելյան շրջաններում նորմալացնելու մթնոլորտը և հարթելու իրավիճակը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սա համարել է ռուսական կողմի առաջին գործնական քայլը՝ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ դիմումը կքննարկվի հունիսի 25-ին ու համապատասխան որոշում կընդունվի:

«Կարծում եմ, որ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ Ռուսաստանը հանդես է գալիս տարաբնույթ վիճահարույց հարցերը բացառապես իրավաքաղաքական մեթոդներով լուծելու օգտին», - «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։

Նախօրեին Եվրամիության արտաքին գործերի նախարարները Կրեմլին կոչ էին արել չեղյալ համարել Ուկրաինայում զորք օգտագործելու մանդատը:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 1-ին Դաշնության խորհուրդը թույլատրել էր Ռուսաստանի նախագահին հարկ եղած դեպքում ռուսական զորք մտցել Ուկրաինայի արևելյան շրջաններ:

ԵՄ-ը նաև կրկնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդարձակելու սպառնալիքները, եթե Կրեմլը չաջակցի Ուկրաինայի նախագահի խաղաղության պլանին:

Ռուսաստանի նախագահը իր զգուշավոր աջակցությունն էր հայտնել Պորոշենկոյի ծրագրին:

Այսօր Կիևում հանդիպում են Ուկրաինայի նախագահն ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Մինչ հանդիպումը Շտայնմայերը Ուկրաինայի համար այս շաբաթը վճռական է համարել, քանի որ երկու կողմերն էլ համաձայնել են մինչև հունիսի 27-ը ժամանակավորապես հրադադար հաստատել:

Այնուամենայնիվ, ուկրաինական կառավարական զորքերը ռուսամետ անջատականներին մեղադրում են անցած գիշերվա ընթացքում տարբեր շրջաններում ուկրաինական անցակետերի վրա կրակ բացելու մեջ:

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելում երկօրյա հանդիպում են սկսում։ Ակնկալվում է, որ նրանք որոշում կընդունեն հիմնադրամ ստեղծել՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանության համակարգի ունակությունների ուժեղացմանը:

ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային զենք-զինամթերք, ռազմական օգնություն տրամադրելու հարցերը։

ՆԱՏՕ-ի աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ հիմնադրամը աջակցելու է Ուկրաինայի պաշտպանական համակարգի կառավարման, վերահսկման, կիբեռհարձակումներից պաշտպանելու ունակությունների բարձրացմանը: Այս պահին պարզ չէ, թե այն երբ է ստեղծվելու և որքան գումար է լինելու այդ հիմնադրամում:

Պաշտոնյաները նաև նշում են, որ ՆԱՏՕ - Ռուսաստան բոլոր գործնական համագործակցությունները սառեցնելու՝ ապրիլին ընդունած որոշումը փոփոխելու ակնկալիք չկա, չնայած խոսակցություններին, թե ՆԱՏՕ - Ռուսաստան խորհրդի առաջիկա նիստին քննարկվելու է Ուկրաինայի իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG