Այսօր Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանին:
Առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև համագործակցության սերտացման հեռանկարները:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այնուհետև տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
«Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի և կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային և արդյունավետ»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հավելել, որ քննարկումները պետք է լինեն առարկայական, նպատակային, և որ հետամուտ է լինելու կայացրած որոշումների իրականացմանը սահմանված ժամկետներում:
Աբրահամյանը նաև հորդորել է ավելի ակտիվացնել տնտեսական կապերը հայկական երկու պետությունների միջև:
Իր հերթին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինեն լուծել ապագա միասնական տեսլականի շրջանակում։