Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի հարցը Ռուսաստանն «օգտագործում է որպես պատրվակ»


ԱՀԿ-ի հարցը Ռուսաստանն «օգտագործում է որպես պատրվակ»
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Ռուսաստանը պայման է դնում Հայաստանի առջև՝ կարգավորել հարցերը Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որից հետո նոր դիմել Եվրասիական միությանը անդամակցության հարցով:

«Ազատության» հետ զրույցում արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի երեկվա հայտարարությանը՝ Հայ ազգային կոնգրեսի անդամը նաև համոզմունք հայտնեց, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցը Ռուսաստանը որպես պատրվակ է օգտագործում՝ թույլ չտալու Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Հիշեցնենք, երեկ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո Իգոր Շուվալովը բարձրաձայնեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին. - «Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումներ տալու վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»:

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասնել է, թե դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելուց ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր:

«Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առևտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի [ԱՀԿ գծով իր] գործընկերների հետ», - ասել է Շուվալովը:

«Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ցանկանում կամ մինչև հիմա չի բանակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, նա իսկապես չի կարող դառնալ լիարժեք անդամ հենց նույն Մաքսային միության: Իսկ ռուսաստանյան կողմը ինչու է հիմա խոսում... դա կապված է նրա հետ, որ, կարծում եմ, իրականում քաղաքական ինչ-որ դրդապատճառներ կան, որի մասին բարձր միգուցե չեն ասում, բայց կարելի է ենթադրել ինչի մասին է խոսքը: Գոնե դրա մասին Աստանայի հանդիպման ժամանակ Նազարբաևը ասեց: Որը պատճառ է դարձել, բայց հիմա այդ քաղաքական պատճառի մասին չեն խոսում, այլ խոսում են տնտեսական դրդապատճառի մասին», - նշեց Վահագն Խաչատրյանը:

Ուշագրավ է, որ չնայած Շուվալովը ասել է, որ մինչև այս շաբաթվա վերջը պետք է լուծվեն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության բոլոր խնդիրները, և միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչև հուլիսի 1-ը, սակայն, այնուամենայնիվ, չի նշել՝ ե՞րբ է ի վերջո ստորագրվելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Շաբաթներ առաջ՝ մայիսի 29-ին Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Մինչդեռ, ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքից պարզ դարձավ, որ մինչև հուլիսի 1-ը նույնպես Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրելու: «Ազատության» հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը, Աբրահամյանը միայն ասաց՝ հուլիսի 3-ին հանդիպում է նախատեսված այդ հարցով:

«Հայաստանը չի կարող խախտել ԱՀԿ գծով իր ստանձնած պարտավորությունները, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն մեր երկրի նկատմամաբ», - այսօր ասաց Վահագն Խաչատրյանը: - «Ցանկացած երկիր, որ Հայաստանի Հանրապետություն ապրանք է արտահանում, նա կարող է դիմել միջազգային դատարանին` միջազգային դատարանից պահանջելով լրացուցիչ այդ մաքսատուրքը, որ պետք է գանձվի, երբ Հայաստանը փորձի փոխել խաղի կանոնները, այդ լրացուցիչ գումարները հետ գանձել»:

Ըստ տնտեսագետի, Եվրասիական միության անդամ դառնալուց հետո կա՛մ Հայաստանը ԱՀԿ-ի իր գործընկերներին պետք է փոխհատուցի ավելի բարձր մաքսատուրքերի դիմաց, կա՛մ պարզապես պետք է դուրս գա Առևտրի համաշխարհային կազմակերպությունից:

Առայժմ պաշտոնական Երևանը չի պարզաբանում՝ արդյո՞ք միայն ԱՀԿ հետ հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը կկարողանա անդամակցել Եվրասիական միությանը:

Այսօր առավոտյան Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեցինք ստանալ նաև այս հարցի պատասխանը: Նախարարը արտաբերեց մեկ-երկու բառ: Հաստատեց, որ Հայաստանը բանակցություններ է սկսելու ԱՀԿ-ի գծով իր գործընկերների հետ փոխհատուցումների շուրջ, սակայն ե՞րբ են սկսվելու այդ բանակցությունները, արդյո՞ք մինչև այդ բանակցությունների ավարտը Երևանը չի կարողանա դառնալ Եվրասիական միության անդամ, չպատասխանեց:

XS
SM
MD
LG