Մատչելիության հղումներ

Վրաց փորձագետները չեն հավատում Սարգսյանի և Մարգվելաշվիլիի պնդումներին


Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 18-ը հունիսի, 2014թ․
Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 18-ը հունիսի, 2014թ․

«Եվրամիությունն ու Ռուսաստանն են այսուհետ որոշելու, թե ինչպես են զարգանալու Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները», - ասում է թբիլիսցի տնտեսագետը:

Թբիլիսցի փորձագետները չեն հավատում նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի այն պնդումներին, թե Հայաստանի` Մաքսային միություն մուտք գործելուց և Վրաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ երեքշաբթի օրը նման կարծիք էր հայտնել Վրաստանի նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը հավելել էր, թե վրաց գործարարները կարող են ակտիվորեն ներդրումներ կատարել Մաքսային միությանն անդամակցած Հայաստանում:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունները՝ թբիլիսցի տնտեսագետ Ռեզո Գաչեչիլաձեն ասել է․ - «Շատ կուզեի, որ ամեն ինչ լիներ այնպես, ինչպես նշում է նախագահը, բայց վախենամ, որ դա այնքան էլ իրատեսական գնահատական չէ: Վստահ եմ, որ Մաքսային միությունը Վրաստանի համար որոշակի խնդիրներ է ստեղծելու: Ավելին, այդ խնդիրներն արդեն իսկ առկա են: Դրանք ի հայտ եկան, երբ ղազախական շուկան փակվեց Վրաստանից վերաարտահանվող մեքենաների համար: Կփակվի նաև հայկականը»:

Թբիլիսցի փորձագետը նաև արձանագրել է, որ այսուհետ երկկողմ հարաբերություններում մշտապես ներկա է լինելու երրորդ կողմը: «Եվրամիությունն ու Ռուսաստանն են այսուհետ որոշելու, թե ինչպես են զարգանալու Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները», - պնդել է Գաչեչիլաձեն:

Վրաց մեկ այլ փորձագետ՝ Լևան Ցուցկիրիձեն փոքր-ինչ ավելի լավատես է:

«Ինձ թվում է, որ Հայաստանը փորձում է վերջնականապես չխզել հարաբերությունները Եվրամիության հետ: Այդ իսկ պատճառով էլ Վրաստանը կարևոր է հայերի համար՝ որպես մի օղակ, որ նրանց կկապի Եվրամիության ազատ շուկայի հետ: Այժմ Երևանում մտածում են, թե ինչ կարելի է անել, որպեսզի հայկական տնտեսությունը իր կորուստները նվազագույնի հասցնի, ինչ օգուտներ կարելի է քաղել ստեղծված իրավիճակից», - նշել է Ցուցկիրիձեն:
XS
SM
MD
LG