Մատչելիության հղումներ

Բյուրոկրատական քաշքշուկը ստիպում է սիրիահային մտածել հայրենիքից հեռանալու մասին


Բյուրոկրատական քաշքշուկը ստիպում է սիրիահային մտածել հայրենիքից հեռանալու մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Բյուրոկրատական քաշքշուկը ստիպում է սիրիահային մտածել հայրենիքից հեռանալու մասին

Հայրենիքում ապաստանած սիրիահայ Կարապետ Քալոյին արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանի կառավարությունը չի կարողանում հստակ պատասխանել, թե ինչ անի, որ հեռվում թողած տան գույքը Հայաստան տեղափոխի։

70-ամյա սիրիահայը ամեն օր ստիպված է Պռոշյան գյուղից հասնել Երևան, թակել տարբեր գերատեսչությունների դռներն ու արևելահայերենին ոչ այնքան վարժ տիրապետելով՝ հասկանալ, թե ինչու պետք է մի քանի հազար դոլար մաքսատուրք վճարի՝ մաքսային ծառայության պահեստում մնացած իր տան իրերի ու օգտագործած հագուստի համար։

Պռոշյան գյուղում հաստատված Կարապետի ընտանիքին օգնության է եկել համագյուղացին, ով նրա հետ ամեն օր անցնում է Մաքսայինից Սփյուռքի նախարարություն, նախարարությունից մաքսային պահեստ ճանապարհը ու սիրիահային փոխանցում պաշտոնայների պատասխանները։ Հերթական այցի ժամանակ էլ սփյուռքահային ու իր հարևանին նախարարությունում հուսադրող պատասխան չտվեցին: «Ամեն օր կուգանք-դառնանք` նույնն է», - «Ազատության»-ը սրտնեղած ասած Կարապետը:

Սփյուռքի նախարարությունում բացատրում են, թե Կառավարությունը սիրիահայերի համար այս հարցում որեւէ արտոնություն չի սահմանել, օրենքն էլ հնարավորություն է տալիս մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող օտարերկրացիներին սեփական գույքը առանց մաքսատուրքի ներմուծել միայն առաջին վեց ամսվա ընթացքում։

Կարապետի ընտանիքն այդ հնարավորությունից չի օգտվել։ Ղամիշլիում բնակվող ընտանիքը պատերազմի թեժ օրերին ի վիճակի չէր փախուստի դիմել տան ողջ գույքով։ Վտանգը ստիպել էր ընտանիքին արագորեն թողնել հայրենի Ղամիշլին ու գալ հայրենիք. - «Իրաքի պատերազմը երբ որ եղավ, իրաքցիները փախան, Սիրիա եկան: Ամեն ինչ իրենց համար ձրի էր. բժիշկը, դեղերը, տունը: Ամսական կուտային, ճաշ կուտային: Մենք բան մը չենք ուզե. մեր վեշերը գոնե տային»:

Մաքսային ծառայությունը դիմել է ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ կարգավիճակով է սիրիահայը բնակվում Հայաստանում։ Ոստիկանությունից դեռ պատասխան չկա։ Սիրիահայը միայն վերջերս է հաշվառվել որպես մշտական բնակիչ, իսկ մինչ այդ ժամանակավոր հաշվառում ուներ։ Եթե ոստիկանությունը հաստատի այս փաստը, ապա սիրիահայը կկարողանա օգտվել օրենքի սահմանած ժամկետից՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում անվճար գույքը ներմուծել։

«Եթե իմանայինք, որ հայրենիքում պետք է այսպիսի բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնենք, պատերազմից կփախնեինք մեկ ուրիշ երկիր»՝ - ասաց Կարապետ Քալոն` հավելելով, որ այլ երկրներում լավ են ընդունում Սիրիայի փախստականներին. - «Ամեն ինչով իրենց կընդունին` տուն, ամսական, բժիշկ, դեղեր: Ամեն ինչով»:

Սիրիահայ ընտանիքը դեռ էլի կսպասի, բայց անկախ հարցի լուծումից, վերջում ստիպված է լինելու Մաքսայինին վճարել գույքը պահեստում հարկադրաբար պահելու համար։

«Մենք հայրենիքին պետք ենք, բայց չի ընդունի մեզ հայրենիքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետը: «Բոլոր սուրիացիները կփախնեն: Ինչո՞ւ կփախնեն: Երբ որ լավ ըլլար, ինչո՞ւ կփախնին: 150 տուն մեր Ղամիշլիեն հոս փոխադրվան, բոլորը Բելգիա գացին, Հոլանդիա գացին», - հավելեց նրա ընտանիքի անդամներից մեկը` նշելով, որ իրենք էլ մտադիր են հեռանալ Հայաստանից:

Սիրիական պատերազմից Հայաստան է տեղափոխվել 16.000 սիրիահայ։ Նրանցից 5.000-ը հեռացել է հայրենիքից այլ երկրներ։
XS
SM
MD
LG