Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Այսօր պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լամմերթը նշել է, որ ջերմությամբ է հիշում երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցելությունը և երկրի ղեկավարության հետ ունեցած հանդիպումները, և ընդգծել է, որ հայ - գերմանական համագործակցությունը քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական և մշակութային բնագավառներում գնալով ընդլայնվում է։

Նալբանդյանն ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում լուրջ ներդրում ունի գործակցության խորհրդարանական ձևաչափը, որի շրջանակներում ակտիվ շփումներ են իրականացվում։

Զրուցակիցները կարևորել են գործակցությունը խորհրդարանական վեհաժողովներում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել և շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրում Հայաստանի ներկայացուցիչներին ներգրավելու համար։

Հանդիպմանը քննարկվել են հայ - գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող գործակցության վերաբերյալ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատեցին իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Ողջունելով Եվրամիության հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը` Բունդեսթագի ղեկավարը նշել է, որ նպատակահարմար է մշակել գործակցության այնպիսի ձևաչափ, որը հաշվի կառնի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի պարտավորությունները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի կազմում հայ - գերմանական համագործակցության կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG