Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակությունը այս գիշեր կմեկնի Բաքու


Ադրբեջան -- Բաքվի համայնապատկերը, արխիվ
Ադրբեջան -- Բաքվի համայնապատկերը, արխիվ
Հայկական պատվիրակությունը այս գիշեր կմեկնի Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով 84-րդ սեմինարին։ Այս մասին Ազատությանը փոխանցեցին պատվիրակության անդամներ՝ ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ու Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Պատվիրակությունը ղեկավարում է Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը։

Պողոսյանը նշում է, որ Բաքվում կայանալիք սեմինար-քննարկմանը Հարավային Կովկասի տարբեր խնդիրների շարքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Ինքը, որպես պատվիրակության անդամ, չի պատրաստվում լռել՝ ներկայացնելու է հայկական կողմի տեսակետը։

«Բոլոր թեմաներում էլ մենք մեր տեսակետը ներկայացնելու ենք, մասնակցություն ենք ունենալու, չենք թույլ տալու, որ դառնա միակողմանի ադրբեջանական PR-ի ձայն», - նշեց պատգամավորը:

«Ազատության» հետ զրույցում Թևան Պողոսյանը նշեց, որ հայկական պատվիրակության անվտանգության ապահովման համար հրավիրող կողմը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, ստացել է Ադրբեջանի իշխանությունների երաշխիքները՝ ակտիվ աշխատելով այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Րոուդ» անվանումը կրող սեմինարին որպես փորձագետ մասնակցելու է նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ «Ազատության» հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ զեկույց է ներկայացնելու Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նմանատիպ զեկույց է ներկայացնելու նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ասաց Կիրակոսյանը։

Հայ փորձագետը Բաքվում կայանալիք միջոցառման ժամանակ իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Այս պարագայում նա երկու օրինակ է առանձնացնում՝ առաջինը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստը, երկրորդը՝ այն, որ Ադրբեջանում բանտարկվում, հալածվում են հայերի հետ շփումներ ունեցող ակտիվիստները։

«Բայց և պետք է նշեմ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի վստահեցմամբ, ձեռք են առնվել բոլոր անհրաժեշտ միջոցները, սեմինարի՝ հայաստանյան մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,-հույս է հայտնում Կիրակոսյանը։

Ի վերջո, դա հենց վեհաժողովի պարտավորությունն է՝ հյուրընկալող կողմից բավարար երաշխիքներ ստանալ այն մասին, որ բոլոր մասնակիցների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովվելու է։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախորդ՝ 84-րդ սեմինարը կայացել էր նախորդ տարի Վրաստանում։ 2015 թվականին այն նախատեսվում է անցկացնել Երևանում։

Հայկական պատվիրակությունը Բաքվից Հայաստան կվերադառնա հունիսի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG