Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

Ֆեդոտովի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ընդգծել է, որ թեև աշխարհի բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանի համար թմրանյութերի օգտագործումը կամ դրանց շրջանառությունը առաջնահերթ խնդիր չի եղել, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչություններն անում են հնարավորինը՝ թմրանյութերի տարածման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի շրջանառությունը կանխելու և հանցագործությունների նկատմամբ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար:

Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես համաձայնագրի անդամ պետություն, վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ընդհանուր նպատակները:

Յուկիյա Ամանոյի հետ հանդիպմանը նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղադրիչ:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԱԷՄԳ-ՀՀ երկկողմ համագործակցությանը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործմանը, նոր միջուկային էներգաբլոկի և համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ԱԷՄԳ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել, որ հանձնառու են շարունակելու դրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG