Մատչելիության հղումներ

Նախագահը ավստրիական ընկերություններին հրավիրել է Հայաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:

Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին, սակայն դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու՝ Հայաստանի ձգտումը։

«Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող եվրասիական շուկա: Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդն է՝ Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ»,- ասել է Հայաստանի նախագահը։

Նա ավստրիական ընկերություններին հրավիրել է գործարարությամբ զբաղվելու Հայաստանում և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստ է խոշոր ներդրումների պարագայում, հատկապես եթե ձեռնարկություններն ունենալու են նորարական արտադրանք, ընդունել և կիրառել հատուկ օրենք տվյալ ներդրման մասին և տալ հարկային արտոնություններ, այդ թվում նաև՝ շահութահարկի գծով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG