Մատչելիության հղումներ

Freedom House. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ ունեցող պետություն է»


Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած «Անցումային շրջանում գտնվող երկրները» տարեկան զեկույցում Հայաստանը որակել է «կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման համակարգ ունեցող պետություն»:

Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային տարածքի 29 պետությունների շարքում, ըստ զեկույցի, Հայաստանը գտնվում է նույն մակարդակի վրա ինչ Կոսովոն և Ղրղըզստանը:

Freedom House-ի մասնագետները, զեկույցում դիտարկելով անցումային շրջանում գտնվող պետություններում ստեղծված իրավիճակը, առանձնացրել են յոթ տարբեր չափորոշիչներ` ընտրական գործընթացներից ու կառավարման համակարգի որակից մինչև մամուլի ազատությունն ու քաղաքացիական հասարակության վիճակը, փորձելով գտնել գլխավոր հարցի պատասխանը՝ որքանով են ժողովրդավարական սոցիալիզմին ավելի քան 20 տարի առաջ հրաժեշտ տված պետությունները:

Freedom House-ի մասնագետները դիտարկված երկրները գնահատում են յոթ բալանոց սանդղակով: Որքան բարձր են պետության ստացած միավորներն այնքան այդ պետությունը հեռու է ժողովրդավարությունից: Այս սանդղակով Հայաստանը 2014-ին ինչպես և նախորդ տարի ստացել է 5.36 միավոր:

Հարկ է նկատել, որ Հայաստանը դիտարկված պետությունների թվում այն եզակիներից է, որտեղ որևէ փոփոխություն անցած տարում չի նկատվել՝ ոչ դրական, և ոչ էլ բացասական: Հայաստանից բացի նման սառեցված իրավիճակում են գտնվում է միայն Ուզբեկստանն ու Սերբիան:

Ինչ վերաբերում է առանձին ոլորտներում տիրող իրավիճակին ապա ավանդաբար ամենաբարվոքը կացությունը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում:

Հանրային սեկտորի զարգացման առումով Հայաստանը նույն մակարդակի վրա է ինչ հարևան Վրաստանն ու բալկանյան մի շարք պետություններ: Փոխարենը մյուս բոլոր վեց չարփորշիչներով ըստ Freedom House-ի՝ իրավիճակը Հայաստանում բավական ծանր է: Մամուլի ազատություն, համապետական և տեղական մակարդակներում կառավարման որակ, դատական համակարգի անկախություն` այս բոլոր ոլորտներում մեր երկիրն արժանացել է իրավապաշտպանների ցածր գնահատականներին` հավաքելով 5.50-ից 5.75 միավոր:

Զարմանալիորեն` համեմատաբար բարձր է Freedom House-ի կոռուպցիայի դեմ պայքարի` Հայաստանին տրված գնահատականը: Բայց նույնիսկ այդ համեմատաբար բարվոք գնահատականի առկայության պայմաններում կոռուպցիան ռիսկերը Հայաստանում շատ ավելի բարձր են ոչ միայն Արևելյան Եվոպայի և բալկանների պետությունների, այլև հարևան Վրաստանի համեմատությամբ:

Մեր հյուսիսային հարևանն, ի դեպ, ընտրական համակարգերի կայացածության, մամուլի ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման առումով շարունակում է Հարավային Կովկասի միանձնյա առաջատարը մնալ: Freedom House-ի տարեկան զեկույցում Վրաստանը դասվել է «անցումային շրջանում գտնվող հիբրիդային վարչակազմ ունեցող պետությունների թվին»: Այս խմբում Վրաստանից բացի ընդգրկված են նաև Եվրամիության թեկնածու Մակեդոնիան, Ալբանիան, Բոսնիան, Մոլդովան և Ուկրաինան:

Freedom House-ի զեկույցը հեղինակած փորձագիտական խմբի ղեկավար Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան նկատում է, որ 2012-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իրադրությունը Վրաստանում զգալիորեն բարելավվել է:

«Վերջին երկու տարիներին Վրաստանը` իշխանության խաղաղ անցումն ապահովելու շնորհիվ կարողացել է բարելավել ընտրությունների հետ կապված իրադրությունը: Որոշակի բարելավումներ են նկատվում նաև լրատվական դաշտում: Սրանք դրական նշաններ են, որոնք նկատելի են Վրաստանում վերջին տարիներին», - նկատում է Freedom House-ի փորձագետը:

Փոխարենը, իրադրությունը Ադրբեջանում գնալով ավելի ու ավելի է վատթարանում:

«2013-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանն աչքի ընկավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական ընդդիմախոսների և մամուլի դեմ ճնշումների ևս մեկ ալիքով: Բոլոր ցուցանիշների՝ վեց տարի շարունակված անկումից հետո Կովկասի խոշորագույն և ամենահարուստ երկիրը, որ վերջերս ստանձնեց նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, հայտնվել է մի իրավիճակում, երբ հավաքների և կամարտահայտության ազատության մակարդակով ավելի վատ վիճակում է քան Տաջիկստանը, իսկ կոռուպցիայի ցուցանիշներն ավելի աղաղակող են քան Ղազախստանում», - գրում են զեկույցի հեղինակները:

«Ադրբեջանում վերջին մի քանի տարիներին իրոք շատ լուրջ ճնշումներ են արձանագրվել: Դրանք նախևառաջ հավաքների ազատության ոլորտում են, սակայն մի շարք այլ չափորոշիչներում ևս», - նշում է Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ Freedom House-ի փորձագետները սրընթաց վատթարացման միտումներ են նկատում:

«Ռուսաստանն, իհարկե, հետխորհրդային տարածքի ամենակարծրացած ավտորիտար համակարգ ունեցող պետությունը չէ: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում վատթարագույն ցուցանիշներ արձանագրած պետությունների մասին, նախևառաջ նկատի ունենք Ուզբեկստանը կամ Թուրքմենստանը: Բայց երբ առանձին-առանձին ես դիտարկում զեկույցի չարփորոշիչները` ակնհայտ է դառնում, որ վերը հիշատակված պետությունների և Ռուսաստանի միջև առկա տարբերությունները վերանում են», - նշում է Freedom House-ի զեկույցի հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG