Մատչելիության հղումներ

Պատգամավորներին մտահոգել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին


Հայաստան - Հայ զինվորը մարտական ծառայություն է իրականացնում Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին, արխիվ, 27-ը նոյեմբերի, 2013թ․
Հայաստան - Հայ զինվորը մարտական ծառայություն է իրականացնում Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին, արխիվ, 27-ը նոյեմբերի, 2013թ․
Խորհրդարանականները վտանգավոր են համարում հրադադարի խախտման վերջին դեպքերը և համոզմունք հայտնում, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի սադրանքներին:

Անցած շաբաթավերջին հրադադարի ռեժիմը խախտվել էր Նախիջևանի սահմանից Երասխի ուղղությամբ, իսկ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը մշտապես համարվել է շփման գծի համեմատաբար անվտանգ հատվածը։

«Ցանկացած կրակոցից ենք մտահոգված, բազմիցս ասել ենք, պատերազմը դեռևս չի վերջացել»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Ադրբեջանը 5 տարի է՝ կրակում է: Մենք չպետք է նայենք հատվածային, մենք պետք է նայենք ամբողջական, իսկ ամբողջականն այն է, որ Ադրբեջանը լկտի պահվածք է ցուցաբերում, և համանախագահ երկրներն ու միջազգային հանրությունը պետք է ի վերջո հստակ պրեսինգի ենթարկեն, որովհետև անթույլատրելի է նման պահվածքը», - հավելեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, - «Իսկ ինչ վերաբերում է պաշտպանությանը, մեր պաշտպանության գերատեսչության ղեկավարը՝ նախարար Սեյրան Օհանյանը, ներկայացրել էր, որ մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց հարկ եղած դեպքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կպաշտպանեն իրենց»:

«Իսկ Թուրքիայից վտանգ տեսնո՞ւմ եք»՝ հարցին, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. - «Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան մեր բարեկամ երկրները չեն»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մամուլին իր վերջին հարցազրույցում «առանձնահատուկ» էր համարել նախիջևանյան հատվածը Ադրբեջանի զինված ուժերի կազմում, այն առումով, որ այնտեղ ձևավորվել է առանձին համազորային բանակ, իսկ դրա ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, փոքր ստորաբաժանումների և թուրք վարձկանների առկայության մասին։

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում, ընդգծելով, որ «թուրքական խորհրդականների ինստիտուտը մշտապես գործել է» ադրբեջանական բանակում, միաժամանակ բացառեց Թուրքիայի միանշանակ միջամտությունը Նախիջևանի հետ սահմանին վիճակը ապակայունացնելու հարցում. նախկին արտգործնախարարը այս և վերջին ամիսների մյուս սադրանքների մեջ ավելի շուտ ռուսական հետք է տեսնում:

«Չի բացառվում, որ այստեղ կան ուժեր, որոնք շահագրգռված են պատերազմի վերսկսման մեջ և ինչ-ինչ այլ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում։ Դա ամենավտանգավորն է, որ մեզ փորձում են հերթական սադրանքի մեջ ներքաշել։ Հավանաբար Ռուսաստանը կարող է նման լարվածության մեջ շահագրգռված լինել որպեսզի զորքեր մտցնի տարածաշրջան»,- նշեց Արզումանյանը,- «Տեսնում ենք Ռուսաստանի ջղաձիգ գործողությունները նախկին խորհրդային տարածքներում ընդհանրապես, և մասնավորապես Ուկրաինայում: Այնպես որ չի կարելի բացառել, որ կա նաև ցանկություն, խնդիր, ծրագիր այստեղ լարվածություն մտցնելու և հրապարակ բերելու ռուսական զորքերի տեղակայման հնարավոր հարցը [Ղարաբաղում և շրջակա տարածքներում]»։

Նախկին վարչապետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ չբացառեց նմանատիպ միտումները՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի համատեքստում:

«Փորձ է արվում նշելու, որ այստեղ լարված է, և՝ «տեսեք լարվածությունը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլ նաև Հայաստան-Ադրբեջանին»: Հնարավոր է, որ այդտեղ ուղերձ կա, որ՝ «Եվրասիական միություն մի բան արեք այս ամենը հանգստացնելու համար»։ Չեմ ուզում կանխատեսել, հնարավոր է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ցանկություն լինի, թե՝ «զորք մտցնենք հանգստացնենք»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հրանտ Բագրատյանը։

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ստեղծված իրավիճակի պատճառը համարում էր Հայաստանի իշխանությունների «ոչ ադեկվատ դիվանագիտությունը»:

«Հիմնական ֆակտորը դա այն է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր նավթադոլարները՝ միլիարդներ, վերազինել է իր բանակը, գնել է հեռահար արտիլերիա, ավիացիա, ստեղծել է հզոր լոբբիներ և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Նահանգներում, իսկ մեր կողմից որևէ բան չի արվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լևոն Զուրաբյանը, - «Պատերազմի վերսկսման վտանգը աճում է ամեն րոպե, Ադրբեջանին հիմա պահում են միայն գերտերությունների կողմից զսպանակները: Հիմնականում, բնականաբար, Ռուսաստանն է, որովհետև ռազմական միջամտության քաղաքական, այսպես ասենք՝ իրավունք և հնարավորություն ստեղծված քաղաքական իրավիճակում այսօր ավելի շատ ունի Ռուսաստանը Հարավային Կովկասում, քան որևէ այլ գերտերություն։ Բայց որքան երկար նման իրավիճակը կպահպանվի, դժվար է ասել. ավելին, այդ նույն զսպիչ դերը կատարելու համար Ռուսաստանը գնալով կգերադասի քաղաքական զիջումներ կատարել հօգուտ Ադրբեջանի։ Սա է, որ ստեղծել է մի անլուծելի խնդիր։ Պետական կառավարման ձախողումը Հայաստանում, ոչ ադեկվատ դիվանագիտությունը, ստեղծել են այս պայթյունավտանգ իրավիճակը»։
XS
SM
MD
LG