Մատչելիության հղումներ

Աշխարհի ազդեցիկ երկրների առաջնորդները հավաքվել են Ֆրանսիայում


Նորմանդիա, Ֆրանսիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունում է ափհանման 70-ամյակի հանդիսություններին մասնակցող Երկրորդ աշխարհամարտի վետերաններին, 6-ը հունիսի, 2014թ․
Նորմանդիա, Ֆրանսիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունում է ափհանման 70-ամյակի հանդիսություններին մասնակցող Երկրորդ աշխարհամարտի վետերաններին, 6-ը հունիսի, 2014թ․

Օլանդը փորձելու է հասնել Պուտինի և Պորոշենկոյի ձեռքսեղմմանը:

Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումները:

Բացելով արարողությունը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք մատուցեց Նորմանդիայում 20 հազար զոհվածների հիշատակին:

Օմահա կոչվող ափամերձ հատվածում պատմական իրադարձությանը նվիրված հուշարձան կա, այսօր վաղ առավոտյան 6:30 զգաստ կանգնել էին պատերազմի վետերանները․ ուղիղ այդ ժամին 70 տարի առաջ՝ 1944 թվականի հունիսի 6-ին դաշնակիցների ուժերը ափ էին իջել:

Միացյալ Նահանգների նախագահը ելույթ ունեցավ այստեղ հուղարկավորված 10 հազար ամերիկացի զինվորների պանթեոնում:

Բարաք Օբաման հայտարարեց, որ «ամերիկյան հավատամքն է՝ մեր նվիրվածությունը ազատությանը, հավասարությանը, արժանապատվությանը, որ հատուկ է յուրաքանչյուր անհատին, և այդ հավատամքը արյամբ է գրված այս ափին ու կմնա հավերժ»:

Օբաման ասաց, որ դաշնակիցների 150-հազարանոց զորքի ափհանումը «ավելին էր, քան միայն պատերազմի ընթացքը փոխելը՝ այն փոխեց մարդկության պատմության ճակատագիրը»:

Նա խոսքերով՝ ափհանումը կոփեց մի պլացդարմ նոր ժողովրդավարության դարաշրջանի համար:

Հանդիսություններին մասնակցող աշխարհի ազդեցիկ երկրների ղեկավարները հույս ունեն մեղմել այսօրվա խնդիրները, թուլացնել Ուկրաինայի ճգնաժամի լարվածությունը:

Ֆրանսիայում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի ղեկավարները:

Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր առավօտյան հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել է ուկրաինական ճգնաժամը: Երեկ երեկոյան Պուտինի հետ հանդիպումներ էին ունեցել Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումներ Պուտինի հետ նախատեսված չեն, բայց ոչ պաշտոնական շփումնները չեն բացառվում:

Ըստ արևմտյան մամուլի՝ Ֆրանսուա Օլանդը փորձելու է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն միմյանց ձեռք սեղմեն, ինչը խորհրդանշական ժեստ կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Նախօրեին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները ասացին, որ Պուտինը պետք է Պորոշենկոյին ճանաչի որպես Ուկրաինայի նախագահ ու երկխոսություն սկսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG