Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Չեմ կարծում, որ առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի»


Հովիկ Աբրահամյանի արձագանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը
please wait

No media source currently available

0:00 0:00:59 0:00

Հովիկ Աբրահամյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը երեկ երեկոյան դեռ չէր կարդացել, Էդուարդ Շարմազանովը կարդացել էր և ցինիզմ որակեց դրանում տեղ գտած գնահատականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածի հիմնական հասցեատերերից մեկը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի երեկոյան դեռ չէր կարդացել առաջին նախագահի սուր քննադատությունը իր հասցեին:

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի մեկնարկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ Աբրահամյանն ասաց, թե հոդվածին ծանոթանալուց հետո անհրաժեշտության դեպքում կպատասխանի Տեր-Պետրոսյանին: Սակայն լսելով մեջբերումներ առաջին նախագահի գնահատականներից՝ վարչապետը կասկած հայտնեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր այդպիսի ձևակերպումներ օգտագործել:

«Սուր քննադատել է Ձեզ, ասել է, որ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի և ընտրակեղծարարության և այդ պատճառով եք նշանակվել վարչապետ», - այս դիտարկմանը Աբրահամյանը արձագանքեց․ - «Առաջին մասով ճիշտ է ասում, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»: «Ըստ առաջին նախագահի՝ գործող իշխանությունն իր ավազակապետությամբ պետք է հեռանա», - սրան էլ վարչապետը պատասխանեց․ - «Դուք էլ ե՞ք այդ կարծիքին»: «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» եզրույթը [Տեր-Պետրոսյանը] իդիոտիզմ է որակել, ինչպե՞ս կմեկնաբանեք», - այս հարցին Աբրահամյանը հակադարձեց․ - «Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի, ես, ճիշտն ասած, չեմ ծանոթացել»:

Իր նկատմամբ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման խստացման վերաբերյալ վարչապետը հայտարարեց․ - «Ճիշտն ասած, առիթը չեմ տեսնում, պատճառն էլ չեմ հասկանում, բայց կփորձեմ անպայման ծանոթանալ, պատասխանել, եթե անհրաժեշտություն լինի պատասխանելու»:

Ինչ վերաբերում է Հանրապետականին՝ կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թեև կարդացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, սակայն հրաժարվեց մեկնաբանել այն՝ ցինիզմ որակելով առաջին նախագահի հնչեցրած գնահատականները:

«Առաջին նախագահի հոդվածը «Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որտեղ հոդվածի հեղինակը լայն երջանիկ ժպտում է, ապա ես նման ցինիզմը մեկնաբանելու կարիք չեմ զգում՝ նկատի ունեմ հոդվածի բովանդակությունը: Նմանատիպ ցինիզմով, մաղձով և նենգությամբ տոգորված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն, և որտեղ նրան սպասարկող հարգարժան լրատվամիջոցը նման խորագրի կողքը դրել է երջանիկ ժպիտը», - հայտարարեց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Եթե մարդիկ երջանիկ են, որ Հայաստանը, ինչպես իրենք են ասում, գնում է դեպի կործանման, և դրանից իրենք երջանիկ են՝ ինչ ասեմ»:

«Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է»


Իսկ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության հակադարձելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը «մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ», ասել էր, որ իր պատկերացումներով «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:

«Բոլոր նրանց պատկերացումները, ովքեր որ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն չէ, սխալ են՝ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է՝ իր բոլոր ինստիտուտներով, ընտրված նախագահով, ընտրված պառլամենտով: Եվ մեր խնդիրն է, հայության խնդիրն է, Հայաստանի Հանրապետության խնդիրն է առաջին հերթին՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորի, հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, և հենց բանակցություններն էլ գնում են ոչ թե Հայաստան և Ադրբեջան տարածքային վեճ, այլ դրանք ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր են», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը և հավելեց․ - «Հանրապետականը մեկ անգամ չէ, որ ասել է, և այդպես եղել է նաև տաս տարի առաջ, նորություն չկա»:

Պատասխանելով հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելով մաքսակետ է տեղադրվելու Լեռնային Ղարաբաղի սահմանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համարվում են միասնական տնտեսական գոտի:

«Համոզված եղեք մի բանում, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային և Եվրասիական միության միայն կլինի նաև ի շահ Լեռնային Ղարաբաղի», - վստահեցրեց նա:

Իշխող Հանրապետականի խոսնակը դատապարտեց երեկ հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ հակառակորդի բացած կրակից երկու հայ զինծառայող է սպանվել: Շարմազանովի գնահատմամբ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի երևանյան այցերից հետո Ադրբեջանը վանդալիստական գործողությունների դիմեց:

«Ես կարծում եմ, որ այդ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, և նաև ցույց է տալիս, որ մենք ցանկանալով խաղաղություն և ձգտելով խաղաղության՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG