Մատչելիության հղումներ

Համաձայնագիր Հայաստանի և Իտալիայի ՊՆ-ների միջև՝ Լիբանանում առաքելության վերաբերյալ


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Նախարարները անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերին, Օհանյանը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈւՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG