Մատչելիության հղումներ

Կայացավ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը


Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի նախագահն ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները»,- ասել է Սարգսյանը:

Բուրկհալտերը, մասնավորապես, ասել է․ - «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG