Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկել են ընդունելության քննությունները


Հովիկ Աբրահամյանն այցելել է քննական կենտրոն
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով վստահեցրեց, որ ամեն ինչ արվել է արդար մրցակցություն ապահովելու համար։

Այսօր առավոտյան Հայաստանում մեկնարկեցին բուհերի ընդունելության քննությունները։ Քննություններին մասնակցելու համար այս տարի դիմում է ներկայացրել 12 հազար դիմորդ։

Վերջին մի քանի տարիներին դիմորդների թվի նվազման միտում է արձանագրվում։ Դիմումներն ամեն տարի պակասում են 2-4 հազարով։ Այս տարի քննությունները կկազմակերպվեն 35 քննական կենտրոններում։

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա դիմորդներին վստահեցրեց, որ ամեն ինչ արվել է արդար մրցակցություն ապահովելու համար, և բուհ կընդունվի նա, ով իսկապես գիտելիք ունի։

Անդրադառնալով բարձր վարձավճարների խնդրին՝ վարչապետն ասաց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծնողները մոտենում են իրեն և օժանդակություն են խնդրում ուսման վարձի վճարման հարցում։

«Իմ տեսակետն է, որ որևէ ուսանող դուրս չմնա սոցիալական վիճակի պատճառով։ Դա մենք պետք է բացառենք և հնարավորություն տանք յուրաքանչյուր ուսանողի, որ կարողանա կրթություն ստանա։ Ամեն ինչ կախված է գիտելիքից. եթե ուսանողը գերազանց է սովորում, ապա պետպատվերի շրջանակներում կսովորի, եթե՝ ոչ, ապա պիտի անպայման վարձերը վճարեն։ Այս գործընթացներում կարևորը արդարությունն է»,- ասաց վարչապետը։

Դիմորդները, սակայն, անհանգիստ էին։ Ըստ նրանց՝ թեսթերն այս տարի շատ ավելի բարդ են, մոտ երկու տարի պարապել են կրկնուսույցների մոտ, սակայն անգամ այդ պարագայում բարձր բալերի հույս չունեն, քանի որ թեսթերում առկա են ծուղակային, բարդ հարցեր։

«Ավագ դպրոցը ինձ ոչ մի առավելություն չտվեց, որովհետև իր գործը չկատարեց»,- ասաց դիմորդներից մեկը։

«Պարապել եմ կրկնուսուցի մոտ, բայց չեմ կարծում, որ բարձր կստանամ, չորս անգամ բարդ է, քան անցյալ տարի»,- ասաց մեկ այլ դիմորդ։

Հովիկ Աբրահամյանը զրուցեց նաև դրսում հավաքված ծնողների հետ՝ վստահեցնելով, որ քննությունների ընթացքին հետևում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, և յուրաքանչյուր գրանցված միջադեպին ինքն անձամբ է արձագանքելու։

«Ինքս եմ դեմ, որ որևէ մեկի երեխային օգնեն, թող գնան, սովորեն, ոչ մեկը մյուսից լավը չէ»,- ասաց վարչապետը։

Ծնողները մինչդեռ համոզված են, որ ուսանող դառնալու համար առաջնային է ոչ միայն գիտելիքը, այլև ուսման վարձը։ Շատերը հուսով են, որ իրենց երեխաներն անվճար համակարգ կընդունեն, հակառակ դեպքում շատ դժվար կլինի հայթայթել անհրաժեշտ գումարը։

«Միանվագ այդ 400 հազար դրամը վճարելը սոսկալի բան է համենայնդեպս ինձ համար»,- ասաց ծնողներից մեկը։

Գնահատման և թեսթավորման կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ բոլոր քննական կենտրոններում տեղադրվել են խլացուցիչներ՝ հուշումներից խուսափելու համար, իսկ թեսթերը ստուգվելու են համակարգչային ծրագրի միջոցով, որպեսզի բացառվի մարդկային գործոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG