Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված անձանցից 21 ինքնաբացարկի դիմում է ստացվել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ինքնաբացարկ են ներկայացրել ցուցակի 65֊րդ և հաջորդող տողերը զբաղեցնող անձինք:

«Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից ստացել է արձանագրություն Գրիգոր Գրիգորյանի (ԲՀԿ) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից 21 թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումներ: Արձանագրությունը ստանալուց հետո ԿԸՀ-ն, ըստ ընթացակարգի, 7-օրյա ժամկետում գումարում է նիստ, և թափուր մնացած մանդատը տրվում է հաջորդ համարին», - նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ դիմումներում որևէ պատճառ նշված չէ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դիմումների պատճառը «կայացված որոշումն է, որն իրականացվել է օրենքի տառի պահանջի շրջանակներում»․ - «Այսինքն՝ ներկուսակցական ժողովրդավարության և իրավական հարթություններում: Եթե նույնիսկ կլինեն ինչ-որ այլ կարծիքներ կամ մեկնաբանություններ, դրանք բոլորը կկրեն ուղղակի սուբյեկտիվ բնույթ»:

Հարցին, թե ինչ նպատակով են ներկայացվել ինքնաբացարկները, Ուրիխանյանն արձագանքեց․ - «Նպատակահարմարության նպատակով»:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ առաջիկայում ԲՀԿ-ի պատգամավորներից ոմանք հրաժարվեն մանդատներից, կուսակցության խոսնակը պատասխանեց․ - «Հարցի ծագման համար չեմ տեսնում որևէ նախադրյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG