Մատչելիության հղումներ

Վաղը կմեկնարկի Հենրի և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային փառատոնը


Հունիսի 4-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կմեկնարկի հինգ տարի առաջ թավջութակահար ու դիրիժող Արամ Թալալյանի հիմնադրած Հենրի և Գերոնտի Թալալյաննների անվան ալտի և թավջութակի միջազգային փառատոնը:

Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ երիտասարդական նվագախումբը, Արամ Խաչատրյան տրիոն, հայտնի երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից:

Փառատոնը տեղի է ունենում Մշակույթի նախարարության աջակցությամբ: Դրսից ժամանող երաժիշտները, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը այսօր նշեց Արամ Թալալյանը, մասնակցում են միայն ու միայն իրենց բարի կամքով, առանց վճարի․ - «Եթե առանձին, հատուկ հնարավորություններ ունենանք, անշուշտ, ավելի շատ մարդ կարող ենք հրավիրել․․․ Բայց ես չեմ բողոքում, ես ընդհակառակը ուրախանում եմ, որովհետև հենց այն մարդիկ են գալիս, որոնք ուղղակի ի սրտե ուզում են գալ, նվագել: Եվ տարեցտարի շատ որակյալ երաժիշտներ»:

Արամ Թալալյանի համար ամենակարևորը երիտասարդների մասնակցությունն է փառատոնին․ - «Մի բանով կարող եմ հպարտ լինել, որ ամեն տարի մենք ունենք երիտասարդների, փոքրիկների համերգ: Նույնիսկ եթե մենք կարողանայինք, ասենք, Յոյոմային և Բաշմետին հրավիրել, այդքան հպարտ չէի լինի»:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան համերգներ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին, Արմեն Սմբատյանի ծննդյան 60-ամյակին, Երևանի պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին, «Արամ Խաչատրյան» տրիոյի ստեղծման 15-ամյակին:

Ասուլիսին ներկա էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Նա նշեց, որ հայ երաժշտարվեստի պատմության մեջ եղել են թե՛ հրաշալի ալտահարներ ու թավջութակահարներ, թե՛ մեր լավագույն կոմպոզիտորները՝ Խաչատրյանը, Բաբաջանյանը, մյուսները հրաշալի ստեղծագործություններ են գրել այս գործիքների համար:

«Ազատության» հարցին, թե արդյոք նոր գործ չի գրում այլտի կամ թավջութակի համար, Մանսուրյանը պատասխանեց․ - «Ալտի համար ես հիմա գրում եմ մի գործ, որը առաջին անգամ կկատարվի եկող տարի Ստամբուլի միջազգային փառատոնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG