Մատչելիության հղումներ

Միկոյանի արձանի տեղադրումը փոխքաղաքապետի համար ընդունելի է


Կամո Արեյան. «Միկոյանի արձանի տեղադրումն ինձ համար ընդունելի է»
please wait

No media source currently available

0:00 0:06:21 0:00

Կամո Արեյան. «Միկոյանի արձանի տեղադրումն ինձ համար ընդունելի է»

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը այսօր լրագրողների հետ զրույցում «ընդունելի» է համարել բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը Երևանում՝ նրան բնութագրելով որպես «հայ, պետական հզոր պետական հզոր կենսագրության և գործունեության տեր անձ»։

-Պատմաբանների պնդմամբ՝ նրա ձեռքերը արյունոտ են։

-Ավագանու եզրակացության համար պետք էր արժանահավատ պաշտոնական փաստաթղթեր՝ փորձաքննություն անցած, ապացուցված։

-Արխիվներում կան այդ փաստաթղթերը։

-Ես չգիտեմ, ես արխիվարիուս չեմ։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Այդ փաստերը պետք է ստուգված և ներկայացված լինեին հանձնաժողովին։ Որևէ նման փաստ չի ներկայացվել։

- Իսկ փորձե՞լ եք ձեռք բերել այդ փաստաթղթերը։

-Չէ, դրա անհրաժեշտությունը չի եղել։

-Ո՞ւմ մտահղացումն էր այդ արձանը կանգնեցնելու։

-Քաղաքացիական նախաձեռնություն է եղել։

-Չարենցի դստեր հայտարարությունը լսե՞լ ե­ք։

- Տեղյակ չեմ, չգիտեմ։ Դա անհատական կարծիք է։

-Ի՞նչ անեն բռնադատվածների հարազատները, ովքեր վիրավորված են, ամոթալի են համարում։

-Չեմ կարող ասել՝ բռնադատվածներն ինչ անեն, կրկնում եմ՝ ավագանին չի ստացել պաշտոնական որևէ տեղեկություն՝ փաստարկված, ճշգրտված, փորձաքննություն անցած ապացույց։

-Մուղդուսին դահի՞ճ էր։ Կուզեի՞ք Երևանում կանգնեցվեր նրա արձանը։

-Շատ եմ լսել, այո, [դահիճ էր]։ Չէ, ոչ Մուղդուսի, ոչ Ավիս։ Արդեն կարդացել եմ շատ։

-Կարդացել եք... իսկ Միկոյանի մասի՞ն չեք կարդացել։

-Չէ, չեմ կարդացել։

-Մի՞գուցե փորձեք կարդալ։

-Գիտեք պատմաբան չեմ, չեմ էլ խորանալու, որովհետև ի պաշտոնե մեզ պետք էր փաստարկված ապացույց։

-Տպավորություն է, որ չեք ուզում վատը տեսնել, լսել։

-Չէ, ինչու, ոչ կույր եմ, ոչ խուլ։ Ի սեր Աստծո, ես Միկոյանի իրավապաշտպանն ու դատապաշտպանը չեմ և ոչ էլ Միկոյանին հետմահու գնահատողն եմ։ Խոսքը վերաբերում է պաշտոնական, իրավական փաստաթղթին, ավագանու որոշմանը, որի տակ պետք էր ձեր ասած հարցերի վերաբերյալ ճշգրտված փաստաթուղթ, ինչը չկա։ Խնդրեմ, թող լիներ, չկա։

-Միգուցե դիմեք Մոսկվայի արխիվներին։

-Դրա անհրաժեշտությունը չի առաջացել։

-Իսկ Միկոյանի ի՞նչն է ձեզ այդպես տպավորել, որ կարծում եք՝ նրա արձանը պետք է լինի Երևանի կենտրոնում։

-Ես ի պաշտոնե հուզական տպավորության տակ չեմ։ Կա կարգուկանոն, ավագանու որոշում, օրենքով սահմանված կարգով ավագանուն տրված լիազորություն։ Ավագանին է որոշում կայացնում անվանակոչությունների, արձանների տեղադրման թույլտվությունների վերաբերյալ։ Ես այս տիրույթի մեջ եմ և չեմ փոխելու իմ կարծիքը օրենքի և կարգի վերաբերյալ։
XS
SM
MD
LG