Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է


Մանկապարտեզ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Մանկապարտեզ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։

Մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում բազմաթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում երեխաների համար։

Մանուկներին և նրանց ծնողներին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եղել է մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացել փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ այցելել է «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցել չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը:

«Երկրի և ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաև երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության և պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով», - ասված է, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում։ «Աշխարհի բոլոր երեխաները ոչ միայն սիրո և ջերմության աղբյուր են, այլև այդ սիրո և ջերմության կարիքն ունեն, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք, իսկ մեծերը` դրանք ապահովելու պատասխանատվություն և պարտավորություն», - ընդգծում է Գալուստ Սահակյանը։

«Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը», - Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է վարչապետի ուղերձում։ «Ցավոք, մեզանում քիչ չեն այն երեխաները, ովքեր պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիքն ունեն: Եվ ամեն անգամ, երբ ընտանեկան հարկի տակ գուրգուրում ենք մեր սեփական երեխային, հիշենք, որ դեռ շատ երեխաներ կան, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, ունեն սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ», - նշում է Հովիկ Աբրահամյանը՝ վստահեցնելով. - «Ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք և պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG