Մատչելիության հղումներ

Լեխ Վալենսա․ «Ուկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին»


Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան խոսում է ուկրաինական ճգնաժամի մասին, 23-ը մայիսի, 2014թ․
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան խոսում է ուկրաինական ճգնաժամի մասին, 23-ը մայիսի, 2014թ․

Լեհաստանի նախկին նախագահի համոզմամբ՝ Մայդանի արդյունքում ստեղծված անիշխանությունը ձեռնտու էր նախևառաջ Ռուսաստանին:

«Ուկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին` ընկնելով ռուսների լարած թակարդը»․ - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում Լեհաստանի նախկին նախագահ, լեգենդար «Սոլիդարնոստ» արհմիության հիմնադիր Լեխ Վալենսան:

«Վերջին իրադարձությունների ժամանակ ես չմեկնեցի Կիև, քանի որ նախապես գիտեի, որ նրանք պարտվելու են: Նման գործողություններով չեն հաղթում: Մայդանի առաջնորդները չէին բանակցում ընտրված նախագահի, խորհրդարանի հետ՝ համոզված լինելով, որ իրենք են ամենակարևորը: Իրականում նման պահվածքը հանգեցնում է անիշխանության: Ես հասկանում եմ՝ կառավարությունը վատն էր, նախագահ [Յանուկովիչը] պարզապես անհույս էր, բայց միևնույն է` դա պայքարի ճիշտ ձև չէր», - նշում է Վալենսան և հավելում, թե իր տպավորությամբ՝ Մայդանի արդյունքում ստեղծված անիշխանությունը ձեռնտու էր նախևառաջ Ռուսաստանին:

«Այն ժամանակվա ընդդիմության առաջնորդները պետք է բանակցությունների մեջ ներգրավվեին, հասնեին արտահերթ ընտրությունների: Բայց լեգիտիմ իշխանությունների հետ որևէ երկխոսություն այդպես էլ չծավալվեց: Փոխարենը՝ նրանք պատրվակ ստեղծեցին ռուսական ներխուժման համար: Կարծում եմ, որ այդ ամենը ռուսական սադրանք էր: Նպատակաուղղված կերպով ամեն ինչ հասցվեց անիշխանության մակարդակի, որպեսզի [ռուսները] գործելու հնարավորություն ունենան», - նշում է Վալենսան, ում անմիջական նախաձեռնությամբ 80-ականների սկզբին սոցիալիստական Լեհաստանում ստեղծվեց ավելի քան 9 միլիոն անդամ ունեցող «Սոլիդարնոստ» հակակոմունիստական, անկախ արհմիությունը:

«Նրանք սխալ մեթոդ ընտրեցին: Ինձ էլ Յանուկովիչը բացարձակապես դուր չէր գալիս: Բայց կյանքում դու պարտավոր ես գնալ փոխզիջումների և պատասխանատվություն ցուցաբերել: Անհնար է երկիրը Մայդանից կառավարել: Մեր ժամանակ իրավիճակը շատ ավելի բարդ էր, դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը: Բայց միևնույն է` մենք գնում էինք երկխոսության, փորձում մեր հակառակորդների դեմ պայքարել հստակ կռվաններով», - նշում է Լեհաստանի նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Վալենսայի, Ղրիմում տեղի ունեցածից հետո Լեհաստանն ու ողջ Եվրամիությունն այլևս ընտրություն չունեն` նրանք պարտավոր են պայքարել Պուտինի դեմ:

«Մենք արդեն իսկ ներքաշվել են պայքարի մեջ և ընտրություն չունենք: Մենք չեն ընդունում այն, ինչ Պուտինն արեց և շարունակում է անել: Բացառված է, որ մենք ընդունենք Ղրիմի բռնակցումը կամ Ուկրաինայի մասնատումը», - վստահեցնում է Վալենսան` կոչ անելով Եվրամիության ղեկավարներին միասնաբար համակարգել Ռուսաստանի դեմ գործողությունները:

Լեհաստանի նախկին նախագահը նաև խորհուրդ է տալիս Ռուսաստանի իշխանություններին զբաղվել սեփական խնդիրներով, այլ ոչ թե փորձել ազդեցություն տարածել հարևան երկրների վրա:

«Ռուսաստանը սքանչելի, հարուստ երկիր է, ինչներիդ է պետք ուժով այլ պետությունների ձեր կողքը պահել: Դա նման է մի իրավիճակի, երբ մարդը շատ լավ, թանկարժեք մեքենա ունի, բայց կտուրին մի բեռնախցիկ է ամրացնում և դրանում տարատեսակ աղբ պահում: Ռուսաստանը հիմա նման տեսք ունի», - հեգնում է Վալենսան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG