Մատչելիության հղումներ

Աստանայում քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը


Աստանայում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից. այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Միության ստեղծումը անդամ երկրներին ինտեգրացիայի առավել բարձր մակարդակ է դուրս բերում: Այդ երեք երկրները պարտավորվում են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը և համաձայնեցված քաղաքականություն վարել տնտեսության առանցքային ճյուղերում` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում: Այսպիսով ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն (170 միլիոն մարդ) ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա ընդլայնման հարցը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը և Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավական բազային Ղրղըզստանի օրենսդրությունը հարմարեցնելու «ճանապարհային քարտեզի» պատրաստումը:

Այսօր Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտնել է, որ «ճանապարհային քարտեզը» իրագործելու համար կպահանջվի առնվազն կես տարի, ինչից հետո Ղրղըզստանը կարող է ստորագրել Մաքսային միությանը անդամակցելու համաձայնագիրը:

«Ղրղըզստանը, սակայն, չի կարող միայնակ ֆինանսավորել «ճանապարհային քարտեզի» իրագործումը և 377 միլիոն դոլարի կարիք ունի, ուստի իրենք խնդրել են Մաքսային միության երկրներից իրենց օժանդակել»,- հայտարարել է Սարիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG