Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ-ն


Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ-ն
please wait

No media source currently available

0:00 0:07:06 0:00
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության ղեկավարի պաշտոնում: Բաց քվեարկությամբ այդպես որոշեցին 150 հազարից ավելի անդամ ունեցող Հանրապետական կուսակցության15-րդ համագումարի պատվիրակները:

Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոստացավ ապահովել ժողովրդի բարեկեցությունն ու ազատությունները` Հանրապետականի անմիջական մասնակցությամբ. - «Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված»:

Նախագահը հստակ արդրադարձ կատարեց Հովիկ Աբրահամյանին ու նրա ձևավորած կաբինետին. ընդունելի համարեց Կառավարության եռամյա ծրագրում նախանշված 5 տոկոս տնտեսական աճը, գովեց նոր վարչապետին: Բայց շեշտեց` բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով. - «Անփոխարինելի մարդիկ չկան, թերացողները շատ արագ կփոխարինվեն»:

Սարգսյանը երկրի սոցիալ-տնտեսական վերելքը կապեց նաև համակարգային փոփոխությունների՝ սահմանադրական բարեփոխումների հետ։ Խորհրդարանական համակարգի անցումն առաջարկեց դարձնել լրջագույն քննարկման առարկա. - «Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի և գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ Սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա»:

Իշխանություն - ընդդիմություն հարաբերություններից խոսեց․- «Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն: Մենք կիսելու հայրենիք չունենք»:

Նա բնական համարեց, որ արդեն այսօրվանից զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով։ Սերժ Սարգսյանը, սակայն, դեմ է, որ Հանրապետականը ժամանակից շուտ մտնի նախընտրական պայքարի մեջ. - «Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք` հանրապետականներս: Առնվազն այսօր այդպես է: Ուրեմն չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է`քիչ պայքար, շատ գործ»:

Ղարաբաղի մասին խոսելիս ասաց՝ պատերազմը շարունակվում է այլ՝ տեղեկատվական հարթությունում. - «Պատերազմը դեռ չի ավարտվել ո’չ հաղթողի, ո’չ պարտվողի համար»:

Նախագահը շեշտեց, որ մեր հարևան Ադրբեջանը կառուցում է բռնապետական հասարակություն, իսկ ինքը ժողովրդավարության կողմնակից է:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը հպանցիկ անդրադարձավ Մաքսային միությանը, Եվրամիության հետ հարաբերությունների մասին ընդհանրապես չխոսեց. - «Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու»:

Հանրապետականի այսօրվա համագումարը նեղ կուսակցական շրջանակում անցավ, այլ կուսակցություններից հրավիրյալներ չկային։

Նախագահից բացի, իշխող կուսակցության անդամները նաև Գործադիր մարմին ընտրեցին՝ ընդամենը մեկ փոփոխությամբ․ ՀՀԿ-ի ղեկավար մարմնի անդամ դադարեց լինել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նրան փոխարինեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Տիգրան Սարգսյանը չխոսեց։ Նրան վարչապետի պաշտոնում փոխարինած Հովիկ Աբրահամյանն էր իրավիճակը փորձում փրկել` ասելով. - «Հիմա Տիգրան Սուրենիչը իրա գործը արել, գնացել է: Ի՞նչ եք ուզում»:

Հովիկ Աբրահամյանը փոխել է տեսակետը՝ չի պատրաստվում ստուգել, թե որքանով են ճշմարիտ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե իրենք բիզնես ունեն։ «Չեմ փնտրելու», - ասաց նա: - «Ես հանձնարարել եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեն այն բոլոր նախարարների, պաշտոնյաների բարեկամների վրա, ովքեր որ զբաղվում են բիզնեսով, որ հետաքրքրվեն` հարկերը վճարո՞ւմ են, թե՞ոչ: Եվ դա մենք անելու ենք առաջիկայում, ինչպես ես ասել եմ` մեր մերձավորներից: Առաջինը` իմ: Օրինակ, իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, թող գնան, ստուգեն, թափանցիկ ներկայացնեն: Եթե վարչապետի եղբորը ներկայացնում են, ապա պարտավոր են նախարարներինն էլ, բոլորինն էլ: Ուղղակի կան նաև արդեն Ազգային ժողովում պատգամավորներ, որոնք անհիմն հայտարարություններ են անում: Օրինակ`միթոմ ես գործարարներին հանդիպման ժամանակ ասել եմ` գոնե 90 տոկոս եկեք հարկային դաշտ, 10-ը` ոչ: Նման հայտարարություն չի եղել: Հիմա ֆինանսների նախարարությունը հանդիպումներ է ունենում բոլոր գործարարների, ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ և փորձում է նաև իրենց դիտողությունները, իրենց առաջարկությունները հաշվի առնել»:

Ի տարբերություն ՀՀԿ նախորդ համագումարների, այս անգամ նորանշանակ կառավարության ոչ հանրապետական անդամները մայիսի լույս 24-ին չարթնացան կուսակցական։ Նախկիններն էլ՝ անկուսակցական։

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը հաստատեց, որ իր պաշտոնին հրաժեշտ է տվել որդու պատճառով:

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը որոշեց գովել նոր Կառավարության նախաձեռնությունը, ասաց՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասով նրանց քայլը միանշանակ ճիշտ էր: Հիշեցնեմ, կառավարության առաջարկած փոփոխություններով քաղաքացին իրավունք ունի դիմում գրել գործատուին և չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին։

ՀՀԿ համագումարը բաց չէր թողել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Գորիսի քաղաքապետի ընտրություններում Խաչատրյանի աջակցությունը վայելող Վաչագան Ադունցը մի քանի օր առաջ մնաց առանց լուրջ մրցակցի։

Ըստ մամուլի, նախկին մարզպետի անմիջական միջամտությամբ ինքնաբացարկի դիմումներ գրեցին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն ու նրա ընկերը։

«Անիմաստ հարցերին չեմ ուզում պատասխանել», - լրագրողների` ճնշումներին վերաբերող հարցին պատասխանեց Խաչատրյանը` հավելելով. - «Իմաստալիցն այն է` ով մնաց, ով հանեց»:

«Ազատության» դիտարկմանը, թե ինքը ի վերջո հաղթեց, Սյունիքի նախկին մարզպետն արձագանքեց. - «Բայց ես ե՞րբ եմ պարտվել, որ հիմա էլ հաղթեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG