Մատչելիության հղումներ

Բուդաղյանների թիմը հրաժարվեց ընտրապայքարից


Բուդաղյանների թիմը հրաժարվեց ընտրապայքարից
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
Գորիսի քաղաքապետի ընտրություններում Բուդաղյանների թիմը հրաժարվեց պայքարից։

Այսօր ինքնաբացարկ է հայտնել թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, թե նրա ընկեր Տիգրան Կարապետյանը։

Այդպիսով, հունիսի 8-ի ընտրություններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը վայելող Հանրապետական կուսակցության թեկնածու Վաչագան Ադունցը քաղաքապետի աթոռի համար կպայքարի միայն անկուսակցական Հրայր Յոլյանի հետ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, հենց Սուրիկ Խաչատրյանի թեթև ձեռքով այս երկու թեկնածուները դուրս եկան ընտրապայքարից՝ ասպարեզ բացելով նրա թեկնածուի՝ Ադունցի համար։

«Ազատության» հետ զրույցում Ադունցն այսօր ընդունեց, որ իր շանսերը ինքնաբացարկներից հետո ավելացել են։

Սուրիկ Խաչատրյանն «Ազատությանը» շատ կարճ պատասխանեց՝ իր մեղքն այստեղ չկա։ Ավելի վաղ նա, խոսելով ընտրապայքարի մասին, շեշտել էր, թե իրենք մեկ թեկնածու ունեն և որ հունիսի 8-ին կերևա՝ ում շանսերը ինչքան են։

«Ես պատասխանալու բան չունեմ, էդ մարդիկ իրենք առաջադրվել են, իրենք էլ հանել են, ինձ խի՞ եք կապում դրա հետ»,- այսօր ասաց Խաչատրյանը։

Բուդաղյանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո հանրապետությունից դուրս է եկել։ Նրա լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանն առավոտյան ասել էր, թե Բուդաղյանը շարունակելու է պայքարը նախկին մարզպետի թիմակիցների դեմ՝ անկուսակցական ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին աջակցելու միջոցով։ Կարապետյանի ինքնաբացարկից հետո, սակայն, Ռոբերտ Հակոբյանը դժվարացավ բացատրել կատարվածը։

Տիգրան Կարապետյանն ընդամենը մեկ հարցի պատասխանեց՝ այդպես էլ չմանրամասնելով, թե արդյոք ենթարկվել է ճնշումների՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե նա Սյունիքի նախկին մարզպետի աջակիցների կողմից ճնշումների արդյունքում է պայքարից ետ կանգնել։

«Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը սա էր»,- ասաց Կարապետյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ նկատի ունի «ստեղծված իրավիճակ» ասելով։

Ճնշումների մասին խոսել է նաև Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը։ Նա «Ազատությանը» փոխանցեց, որ Տիգրան Կարապետյանին անուղղակի ճնշումների են ենթարկել իշխանության թեկնածուի կողմնակիցները, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց։

«Ես անուղղակի ճանապարհներով գիտեմ, ոչ թե ինքն է ասել։ Վախեցրել են, հանել են»,- ասաց Էմիլ Բուդաղյանը։

Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բոլոր թեկնածուների կողմից արդեն բողոքներ են ստանում, որոնք, սակայն, ուսումնասիրություններից հետո չեն որակվել որպես ընտրախախտումներ։

«Եվ Հրայր Յոլյանի, և Տիգրան Կարապետյանի կողմից դիմում բողոք է ներկայացվել, որ քաղաքապետարանի վարչական շենքի առաջին հարկում Վաչագան Ադունցը բացել է նախընտրական շտաբ։ Մենք ուսումնասիրել ենք, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ստեփանյանը։

Ինքնաբացարկի վերջնաժամկետը մայիսի 28-ն է։ Ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին։ Վաղվանից մեկնարկում է քարոզարշավը։
XS
SM
MD
LG