Մատչելիության հղումներ

Համանախագահները ամփոփեցին այցելության արդյունքները


Լեռնային Ղարաբաղ, Սարսանգի ջրամբարը
Լեռնային Ղարաբաղ, Սարսանգի ջրամբարը

Միջնորդները հույս են հայտնում, որ կողմերը համաձայնության կհասնեն Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցում:

Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցելության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի և Լաչինի իրավիճակի ուսումնասիրությունն էր՝ համապատասխան իրենց մանդատի: Այցելելով այս տարածքներ՝ միջնորդները ենթակառույցների բարելավման նշաններ են տեսել, բայց վերջին տարիների համեմատ բնակչության թվի փոփոխության որևէ նշան չի արձանագրվել:

Այս մասին համանախագահները հայտնում են երեքշաբթի օրը Բաքվում հրապարակած հայտարարությունում՝ առանձնացնելով նաև Սարսանգի ջրամբար կատարած այցելությունը:

Միջնորդները քննարկել են Սարսանգի ջրամբարի կարգավիճակի ու աշխատանքի հետ կապված հարցեր մենեջերների հետ: Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կհասնեն՝ միասին օգտագործելու Սարսանգի ջրի պաշարները ի նպաստ տարածաշրջանի:

Այցելության այս երկու առանցքային պահերից՝ Լաչինի, Քելբաջարի իրավիճակն ուսումնասիրելուց ու Սարսանգի հետ կապված հարցեր քննարկելուց բացի, համանախագահները նորից մտահոգություն են հայտնում սահմանային միջադեպերի կապակցությամբ, ինչպես նաև հիշեցնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական տարրերը:

Այցելությունն ամփոփող համատեղ հայտարարությունում նշված է․ - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա, Ջեյմս Ուորլիքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, մայիսի 16-19-ը այցելեցին տարածաշրջան: Նրանց միացել էր դեսպան Պիեռ Անդրիոն, ով հունիսին ստանձնելու է ֆրանսիացի համանախագահի պաշտոնը»:

«Մայիսի 19-ին համանախագահները հատեցին շփման գիծը Թարթարի հատվածում: Նրանք մտահոգություն են հայտնում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների ու զոհերի կապակցությամբ: Հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների բացակայությունը կողմերին հնարավորություն է տալիս մեղադրելու մեկը մյուսին», - ասված է հաղորդագրությունում:

Համանախագահները նշում են, որ այցելության ընթացքում Երևանում և Բաքվում հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի ու Լաչինի դե ֆակտո իշխանությունների և տեղական վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Բաքվում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Հանդիպումներում միջնորդները քննարկել են խաղաղ գործընթացի տարրերը և շեշտադրել են, որ վերջնական կարգավորման հիմքերը մնում են այն տարրերը, որ ներկայացվել են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թվականներին արված հայտարարություններում, նշված է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հետ պաշտոնական հանդիպումներին, նշենք, որ միջնորդները երեկ հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Քննարկվել է իրավիճակը շփման գծում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ասել է, թե հակամարտության կարգավորման՝ միջազգային հանրության ջանքերը անարդյունավետ են:

Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը երկրից բացակայում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG