Մատչելիության հղումներ

«Անգամ Իոսիֆ Ստալինը չէր թաքցնում իր կատարած ծախսերը»


«Անգամ Իոսիֆ Ստալինը չէր թաքցնում իր կատարած ծախսերը»
please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00
«Անգամ Իոսիֆ Ստալինը չէր թաքցնում իր կատարած ծախսերը». - այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հանրապետական մեծամասնության կողմից այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությանը, համաձայն որի այսուհետև գաղտնի կպահվեն Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի սննդի ձեռք բերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի հետ կապված գործառնությունները:

Այս ամենը կներառվի պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների ցանկում:

Կողմ քվեարկեցին միայն իշխող Հանրապետականի պատգամավորները, և փոփոխությունն ընդունվեց ձայների 65 կողմ, 40 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ձեռնպահ քվեարկողները ընդդիմության շարքն անցած ՕԵԿ-ականներն էին, թեև, հիշեցնենք, որ երեկ Հեղինե Բիշարյանը վստահեցնում էր, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Անդրադառնալով կատարված փոփոխությանը, որով քաղաքացիները այսուհետև հնարավորություն չեն ունենա իմանալ, թե պետբյուջեի հաշվին պաշտոնյաները ինչ ծախսեր են կատարել, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնությունն է. - «Օրենքի խիստ հրատապությունը ծագեց այն ժամանակ, երբ որ նախկին վարչապետը ուներ հատուկ հակում կոմֆորտի հանդեպ: Նրա յուրաքանչյուր այցը անգամ հարևան Վրաստան տեղի էր ունենում հատուկ չվերթով, որը մեզ, մեր հարկատուների հաշվին նստում էր հարյուր հարազարավոր դոլարներ: Մամուլը հրապարակեց կոնկրետ փաստեր նույն վարչապետի վերաբերյալ, թե քանի օր Բրյուսելում, Անտվերպենում այդ ինքնաթիռը սպասել է, որովհետև հարգարժան նախկին վարչապետը ինչ-որ հատուկ ծախսեր ուներ անելու, և մեկ օրվա այցը երկարաձգվել է երկու-երեք օրով: Եվ ահա այս հրապարակումներից և հանրային լայն քննարկումներից հետո որոշվեց հապճեպ բերել նման նախագիծ, որպեսզի այդ երեք պաշտոնյաները ինչ ուզենան անեն»:

Հակադարձելով հանրապետականների հնչեցրած այն գնահատականներին, թե տարբեր երկրներում գործում է այս սահմանափակումը` Նաիրա Զոհրաբյան ասաց, թե ինքը ուսումնասիրել է միջազգային փորձը, և նման նախադեպ չկա, որ երկրի նախագահը, վարչապետի և Ազգային ժողովի նախագահը նման արտոնություն ունենան. - «Ես չգիտեմ, իրենք ինչ փորձ են ուսումնասիրել: Միգուցե Բելառուսի փորձն են ուսումնասիրել... Ես նաև Ստալինի փորձն եմ ուսումնասիրել. այն ժամանակ այդպիսի բան չկար»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նույնպես վստահ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հարկատուների հաշվին անտրամաբանական ծասխեր են անում, ուստի որոշել են դրանք թաքցնել ժողովրդից. - «Այդ շքեղությունը, որով նրանք ճամփորդում են և որի արդյունքում վայելում են այդ ամեն ինչը հարկատուների հաշվին, բնականաբար, կցանկանան թաքցնել»:

Նշենք, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը ներկայացնող Ազգային անվտանգության ծառայության պետի տեղեկալ Արզուման Հարությունյանը երեկ խորհրդարանում պնդում էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի հրապարակումը վնասում է նրանց անվտանգությանը: Թե ինչպես՝ պարզ չէ, առավել ևս, որ ԱԱԾ պետի տեղակալը նշեց, որ մինչև օրս այդ տեղեկատվության հրապարակման արդյունքում որևէ պաշտոնյայի անվտանգության հետ կապված խնդիր չի ծագել:

Թե ինչու է այդ դեպքում իշխանությունը որոշել գաղտնի դարձել հարկատուների հաշվին կատարված ծախսերը, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը ուշագրավ բացատրություն տվեց. - «Կան ծախսեր, որոնք կարող են հասկանալի, ընկալելի չլինել հանրության համար, դա խիստ պետական անհրաժեշտություն լինի: Այդ իսկ պատճառով վերջում դրանց բացատրությունները կտրվեն, ոչ թե ընթացքում»:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ իրենք ոչինչ չեն ուզում թաքցնել, պարզապես տարբեր շահարկումներից զերծ մնալու համար այդ ամենը կհրապարկեն յուրաքանչյուր տարվա վերջին՝ բյուջեի հաշվետվության ժամանակ, փակ նիստի ընթացքում:

Հիշեցմանը, որ անցած տարի հայտնի դարձավ, որ ինքնաթիռը սպասեցնելու համար բյուջից 200 հազար դոլար է վճարվել, Բաղդասարյանն արձագանքեց. - «Ինձ թվում է, որ դրանք իրոք անթույլատրելի բաներ են, եթե եղել են նմանատիպ բաներ... Բայդ ինձ թվում է, որ նպատակը դա չէ, որովհետև միևնույն է վերջում պետք է յուրաքանչյուր կոպեկը, յուրաքանչյուր ծախսը արտացոլվի բյուջեի հաշվետվության մեջ»:

Իսկ հարցին, թե նոր վարչապետը արդյոք հրաժարվելու է նման գործելաոճից, իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչն արձագանքեց. - «Նոր վարչապետի հայտարարությունները եթե լսել եք, ոչ միայն նմանատիպ ծախսերի, այլ ընդհանրապես խնայողության հետ կապված, մեր բյուջեի հնարավորություններից ելնելով, մենք պարտավոր ենք պարզապես յուրաքանչյուր կոպեկի նկատմամբ լինենք խիստ ուշադիր և որևէ ավելորդություններ թույլ չտանք»:

Պարզ չէ, թե ինչու է ամեն կոպեկի համար դողացող Հանրապետականը որոշել թաքցնել խնայողաբար կատարվելիք ծախսերը:

Ինչ վերաբերում է այն խոստումներին, թե պետբյուջեի ծախսային մասում այդ ամենը կարտացոլվի, ապա ոչ իշխանական պատգամավորը վստահ են՝ կհրապարակվի տեղեկատվության այն մասը, որը ձեռնտու է իշխանությանը:

«Իրենք կօգտվեն այս օրենքի ուժից և ինչը չեն ցանկանա ներկայացնել, կգնա գաղտնիության գրիֆի տակ: Մենք դրա համար ենք ասում, որ չպիտի լինի այսպիսի բան: Սա աննախադեպ է միջազգային պրակտիկայում», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG