Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստվերային կառավարություն է ձևավորում


«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսում են ստվերային կառավարություն ձևավորել իշխանափոխության հասնելու համար։

Հստակ ժամկետներ առայժմ չեն նշում, բայց ինչպես այսօր հայտարարեց նախաձեռնության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատրաստ են քննարկել քաղաքական այլ ուժերի կողմից առաջ քաշված իշխանափոխության ցանկացած ճանապարհ։

«Եթե կան այսօր, հաջորդ շաբաթ, ամռանը, աշնանը իշխանափոխություն անելու կոնկրետ առաջարկներ, բնականաբար, պատրաստ ենք քննարկել դրանք և պատրաստ ենք այդ առաջարկները լրջորեն քննարկելուց հետո հստակ դիրքորոշումներ ֆիքսել դրանց վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Նորաստեղծ նախաձեռնությունը այս պահին ապագա Հայաստանի տեսլականի շուրջ քննարկումներ է սկսում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անհատ քաղաքացիների հետ։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնի հանրահավաքներ, բողոքի ակցիաներ ու պահանջի նախագահի հրաժարականը, նախաձեռնության հիմնադիր անդամ Արա Հարությունյանը պատասխանեց՝ կանեն այն ժամանակ, երբ վստահ կլինեն, որ կարող են իրականացնել։

«Բայց մենք նաև հայտարարել ենք, որ մենք միտված ենք նրան, որպեսզի այդ իշխանափոխությունը իրականացնենք այն ինստիտուտների միջոցով, որոնք այս պահին գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ չենք մերժում ընտրություններին մասնակցությունը և դրանց միջոցով իշխանափոխությունը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. - «Ծայրահեղ քայլերը այս պահին օրակարգային չեն, մենք նաև այդ տարբերակներն ենք քննարկում։ Կունենանք օրակարգում, և դա կապված լինի զարգացումների հետ»։

Մեկ այլ հարցի, թե կուսակցություն դառնալու նպատակ ունե՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.- «Քաղաքացիական պայմանագրում արձանագրված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կազմակերպաիրավական հետագա ձևի մասին որոշումը պետք է կայացվի նախաձեռնության առաջին համաժողովում։ Դա կարող է լինել այս տարի, կարող է լինել մյուս տարվա առաջին կեսին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG