Մատչելիության հղումներ

Ֆրանսիան միանշանակ աջակցում է Վրաստան - ԵՄ հարաբերությունների սերտացմանը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրաց - ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ, Թբիլիսի, 13-ը մայիսի, 2014թ․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրաց - ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ, Թբիլիսի, 13-ը մայիսի, 2014թ․
Ֆրանսիան միանշանակորեն աջակցում է Վրաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների սերտացմանը: Սա էր այն գլխավոր ուղերձը, որով երեքշաբթի օրը Երևանից Թբիլիսի էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել այն ասոցացման համաձայնագրին, որ շուտով կստորագրեն Եվրամիությունն ու Վրաստանը: Բավական երկար մի ժամանակահատված է արդեն, այդ թվում նաև վերջին երկու տարիներին, ինչ մենք դարձել ենք Վրաստանում ծավալված մի նոր վերածննդի ականատեսը: Վրաստանում իրականացվող ենթակառուցվածքային և շինարարական նախագծերի քանակը տարեցտարի ավելանում է: Ֆրանսիան և Վրաստանը տարբեր չափի պետություններ են, բայց նույն նպատակն են հետապնդում` միմյանց նոր տեխնոլոգիաներ ու գիտելիքներ տրամադրել, զարգացնել առևտրային կապերը», - Օլանդի այս հայտարարությունը հնչեց Թբիլիսիում կազմակերպված վրաց - ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ի դեպ, վրացական կառավարության ղեկավարի և Օլանդի շփումը հիմնականում առանց թարգմանչի էր ընթանում․ հիշեցնենք՝ Ղարիբաշվիլին մի քանի տարի ուսանել է Սորբոնի համալսարանում և բավական լավ տիրապետում է ֆրանսերենին:

Իր թբիլիսյան այցի ընթացքում Օլանդը նաև երախտագիտություն հայտնեց պաշտոնական Թբիլիսիի վերջերս կայացրած որոշման համար, ըստ որի՝ Վրաստանը հատուկ զորախումբ կուղարկի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն` վարժանքների նպատակով: Այս երկրում արդեն մի քանի ամիս է ինչ Ֆրանսիան լայնածավալ խաղաղապահ գործողության է իրականացնում:

«Ինձ համար շատ հուզիչ էր այդ լուրը լսել: Դա ևս մեկ կարևոր դետալ է, որը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել Վրաստանը Եվրամիության շրջանակներում` այսօր՝ որպես գործընկեր, իսկ վաղն արդեն` որպես անդամ», - նշում էր Օլանդը:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով էլ՝ վերջին տարիներին Ֆրանսիան և Վրաստանը կարողացել են ընդհանուր մոտեցումներ մշակել գրեթե բոլոր առանցքային խնդիրների շուրջ:

«Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի հստակ դիրքորոշման, Վրաստանի եվրոպական ձգտումներին աջակցելու, մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար», - նշում էր Վրաստանի վարչապետը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ առաջիկայում պաշտոնական Փարիզի և Թբիլիսիի կապերը է՛լ ավելի կսերտանան:

«Մի կողմից դրան կնպաստի Վրաստանում ներդրումային մթնոլորտի շարունակական բարելավումը, մյուս կողմից՝ տարածաշրջանը Եվրոպային կապող տրանսպորտային նախագծերի իրականացումը», - նշում էր Ղարիբաշվիլին: Նման նախագծերի թվում վրացական կառավարության ղեկավարը հատուկ հիշատակեց Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG