Մատչելիության հղումներ

Վեհափառը այցելել է Վատիկանում Հայաստանի դեսպանատուն


Վեհափառը Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Վեհափառը Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ Վեհափառի, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի տրվել է պաշտոնական ճաշկերույթ:

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ճաշկերույթին մասնակցել են Հայ եկեղեցու պատվիրակության անդամները, Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ կարդինալ Զենոն Գրոխոլևսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դեսպաններ:

«Քրիստոնյաների` մասնավորապես, Միջին Արևելքում գտնվողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսևորումները կարևոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ եկեղեցին հայ համայնքի հետ մեկտեղ սփռված է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրությունն արտահայտված է այս երեկո ներկա դեսպանների միջոցով, որոնց և հայտնում եմ խորին հարգանքիս հավաստիքը», - իր խոսքում ասել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել դեսպանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանի և Վատիկանի, Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Ապա նա անդրադարձել է պատմական տարբեր հանգամանքների և հատկապես 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի աշխարհասփյուռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյություն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամության կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջև:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ Վեհափառը ասել է․ - «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևոր է հայերիս արդար իրավունքների վերականգնման, այլև նախապայման է տարածաշրջանի մշտամնա խաղաղության և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման համար: 100-ամյա տարելիցը հրավեր է ազգերին և պետություններին` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես և` զորացնելու ընդհանուր ջանքերը` հանուն աշխարհում արդարության և խաղաղության հաստատման»:

Գարեգին երկրորդը երախտագիտություն է հայտնել այն երկրներին, միջազգային կառույցներին և քույր եկեղեցիներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերել դեսպանատան պաշտոնեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG