Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի խորհրդարանի հանձնաժողովը ընդունեց ԼՂ անկախությունը ճանաչող օրինագիծը


Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը երեկ ձայների 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող և Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի նախագծին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, հանձնաժողովի նման որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի արդեն մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի և քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում:

Հիշեցնենք՝ թիվ AJR 32 բանաձևի նախագիծը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տարեսկզբին ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:

Կալիֆորնիայի և Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչող բանաձև, անցած տարվա աշնանը Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև Կալիֆորնիայի Ֆրեզնո և Հայլենդ քաղաքները:

Լեռնային Ղարաբազի անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևեր են ընդունել ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա նահանգները, Ղարաբաղին իր ուղերձով աջակցություն է հայտնել Մերիլենդի նահանգապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG