Մատչելիության հղումներ

Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը «խաղաղության մասին է»


«Թևանիկ» ֆիլմի հեղինակները մամուլի ասուլիսում: 5-ը մայիսի, 2014 թ.
«Թևանիկ» ֆիլմի հեղինակները մամուլի ասուլիսում: 5-ը մայիսի, 2014 թ.
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերայից առաջ հեղինակները հանդիպման էին հրավիրել լրագրողներին:

Ֆիլմը, ինչպես և Ավետիսյանի նախորդ` «Ընդհատված մանկություն» աշխատանքը Ղարաբաղյան պատերազմի մասին է: «Ընդհատված մանկությունը» անցած տարի ներկայացվել էր Կաննի կինոշուկայում և հետաքրքրել լիտվական «Արթբոքս» կինոընկերությանը, որը դարձավ ռեժիսորի նոր աշխատանքի համարտադրողը:

Այսօրվա ասուլիսին ներկա էր «Թևանիկի» երաժշտության հեղինակը` լիտվացի կոմպոզիտոր Կեստուտիս Դրազդաուսկասը: Նա ասաց, որ ուզում է, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդիկ դիտեն, որովհետև դա «հետաքրքիր պատմություն է պատերազմի ժամանակ մարդկային փոխհարաբերությունների մասին»:

Երեք նովելներից բաղկացած ֆիլմի սցենարի առաջին մասը գրել է Առնոլդ Աղաբաբովը, մյուս երկուսը` Կարինե Խոդիկյանը:

«Առնոլդ Աղաբաբովի սցենարը մնացել է անխաթար որպես մեկ նովել: Այդ սցենարում կար նաև Աստղիկ անունով կերպար: Աստղիկին առանձնացրել եմ, նրա պատմությունն ենք ստեղծել երկրորդ նովել: Եվ մի կերպար, որ չկա ընդհանրապես Աղաբաբովի մոտ` Արամի կերպարը... բերել ենք դարձրել ենք երրորդ նովելը: Երեք դեռահասի պատմություն, որը իրար հետ միախառնված է»:

«Ես կարծում եմ, աշխարհի հետ խոսելու համար պետք է ընդամենը մեկ մարդու պատմություն կարողանալ անել: Մեկ մարդու կյանքը կյանքը, պատմությունը դու ցույց տաս, և' մենք կհասկանանք, և' աշխարհը», - հավելեց Խոդիկյանը:

«Ճակատագրերը գոյություն են ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ, և շատ-շատերը հիմա էլ ապրում են Արցախում», - ասաց Ջիվան Ավետիսյանը` հավելելով, որ ֆիլմի ավարտը յուրաքանչյուր հանդիսատես ինքն իր համար պիտի բացահայտի:

«Ազատության» հարցին, թե որն է ֆիլմի ուղերձը, ռեժիսորը պատասխանեց. - «Ստեղծել ենք, կարծում եմ, խաղաղության մասին ֆիլմ, թեկուզ պատերազմի մասին է: Ֆիլմ, որը դատապարտում է պատերազմը: Ես տեսել եմ, թե պատերազմի ընթացքում, թեկուզ դու առաջին գծում չես, օդում կախված պատերազմը ինչպես է անդրադառնում քո ճակատագրի վրա, ինչպես է խեղում քո մանկությունը: Ես իսկապես կորցրել եմ իմ մանկությունը: Ես իմ մանկությունը հիշում եմ նկուղում, մոմի լույսի կամ լամպի տակ մայրս գրքեր էր կարդում ինձ համար, ու ես սպասում էի անընդհատ, թե երբ են վերադառնալու մարդիկ»:

«Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Արցախում: Կինոնկարի ստեղծմանը մեծապես աջակցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և ԼՂ կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG