Մատչելիության հղումներ

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն «ունեն համագործակցության իրենց ձևաչափերը»


ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Երևան, 12-ը մարտի, 2014 թ.
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Երևան, 12-ը մարտի, 2014 թ.
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն համագործակցության իրենց ձևաչափերը և այս պահի դրությամբ այդ համագործակցությունն ընթանում է:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին՝ մտադի՞ր է արդյոք պաշտոնական Երևանը դադարեցնել իր երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես որ դա պատրաստվում է անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

Ապրիլի 24-ին, հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե կազմակերպությունը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը:

«Առայժմ կդադարեցնենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստաման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորշումը, որն այսօր՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում, որդեգրել է ՆԱՏՕ-ն: Այսօր ՆԱՏՕ-ն շանտաժային քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ անդամ-պետությունների ողջ ճակատով՝ ի ցույց դնելով որ վերջին ամիսներին նրանք ծայրահեղ դժգոհ են Ռուսաստանի գործողություններից», - ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր Բորդյուժան:

Քանի որ Տիգրան Բալայանը սահմանափակվեց միայն նշված նախադասությամբ, չկարողացանք պարզել՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը կո՞ղմ է քվեարկել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության դադարեցմանը, կամ ինչպե՞ս է ընդունվել այդ որոշումը:

Օրվա ընթացքում չհաջողվեց պատասխան ստանալ նաև ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովից:

Ապրիլի 21-23-ը Մոսկվայում էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Մոսկվայում Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին, և երբ անցած ուրբաթ ՕԵԿ նախագահը ասուլիս էր հրավիրել, փորձեցինք նրանից հետաքրքվել՝ ի՞նչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ գործունեությունը դադարեցնելու հարցում:

«Նման հարց Անվտանգության խորհրդի քարտուղարների` օրերս կայացած կոմիտեում չի քննարկվել», - արձագանքել էր Բաղդասարյանը:

Ուշագրավ է, որ Բորդյուժայի հայտարարության ճիշտ նախօերին Պաշտպանության նախարարությունում Լիտվայի ռազմական գերատեսչության ղեկավար Յուոզաս Օլեկասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Սեյրան Օհանյանը ընդգծել էր, որ Երևանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ․ - «Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները մնայուն են: Այն հանձնառությունները, որոնք պայմանավորված են համագործակցության համապատասխան ոլորտներում զարգացման առումով, մնալու են, և մենք այդ միջոցառումները իրականացնելու ենք մինչև վերջ»:

Ապրիլի 1-ին գերմանական հեղինակավոր «Շպիգել» հանդեսը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրեց, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ: Ընդ որում, յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, ով ժամանակին եղել է ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում խիստ բացասաբար կընկալեն, եթե Հայաստանը որոշի դադարեցնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Հայաստանի կողմից նման որոշումը մեզ համար բացասական հետևանքներ կունենա ղարաբաղյան խնդրի ուղղությամբ», - նախազգուշացրեց Գրիգորյանը: - «Եթե դու ամբողջ քո հենարանը համարում ես մեկ երկիր, մեկ համակարգ, ակնհայտն է, որ վտանգները ավելանում են՚ Ի վերջո, Ռուսաստանը, մենք տեսնում ենք, անկանխատեսելի քաղաքականություն է վարում»:
XS
SM
MD
LG