Մատչելիության հղումներ

Քեն Խաչիկյան. «Էրդողանը շարունակում է առաջ մղել խաբեության իր արշավը»


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ:

«Ազատություն»․ - Բարի գալուստ Երևանի մեր ստուդիա, պարոն Խաչիկյան: Վաղը հայերը ողջ աշխարհում նշելու են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ընդամենը մեկ տարի է մնացել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արևմուտքում, օրինակ, ընդամենը մեկ երկիր է հստակորեն, աներկբայորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը բոլոր ընթացակարգերի համաձայն, այդ թվում՝ համապատասխան օրենքի ընդունմամբ: Նման այլ դեպքեր չկան, և բոլոր մյուս երկրներում Ցեղասպանությունը ընդունված է կա՛մ միայն խորհրդարանի կողմից, կա՛մ որևէ այլ կերպ: Այս համատեքստում՝ արդյո՞ք մենք բավարար քայլեր ենք ձեռնարկում Հայոց մեծ ողբերգության միջազգային ճանաչման համար:

Քեն Խաչիկյան․ - Չեմ կարծում, որ երբևէ հնարավոր է բավարար քայլեր կատարել մեր ժողովրդի համար նման մեծ կարևորություն ունեցող խնդրում: Իհարկե, ԱՄՆ-ում մենք ջանասիրաբար աշխատում ենք՝ առաջ տանելու ճանաչման գործը, սակայն մեզ համար ճանաչումը ընդամենը մեկ քայլ է՝ քայլ դեպի արդարություն, համարժեք փոխհատուցում, և մենք մշտապես առաջ ենք մղում ճանաչման գործընթացը, սակայն, միևնույն ժամանակ, տարբեր ճակատներով ավելի ու ավելի շատ ջանքեր ենք գործադրում փոխհատուցման ուղղությամբ: Կարծում եմ՝ այն բոլոր երկրներում, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, լինի դա Ֆրանսիան, Կանադան թե Արգենտինան, և, բնականաբար, Մերձավոր Արևելքը, մենք բոլորս պետք է կրկնապատկենք մեր ջանքերը: Մենք, իհարկե, չենք կանգնելու, երբ հարյուրամյակը գա և գնա: Դրանից, իհարկե, Թուրքիան միայն կուրախանար: Այնպես որ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպես ազգ, Թուրքիային պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

«Ազատություն»․ - Գոյություն ունի, այսպես ասած, այդ ավանդական՝ սպասման ժամկետը, որը սկսվում է սովորաբար ապրիլի 24-ին, մենք սպասում ենք մի քանի օր՝ լսելու, թե ինչ կասի ԱՄՆ-ի նախագահը: Այժմ այս սպասման ժամկետը երկարաձգվել է՝ ԱՄՆ-ի նախագահը մեկ տարի ժամանակ ունի այս հարցում խոշորագույն ճեղքումը նախապատրաստելու համար: Օրերս էլ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շատ կարևոր մի բանաձև է ընդունել, որը ճանաչում է Ցեղասպանությունը: Հավանական համարո՞ւմ եք, որ սա կհասնի ԱՄՆ-ի նախագահի սեղանին, թե՞ ոչ:

Քեն Խաչիկյան․ - Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող զարգացումները շատ կարևոր են, որովհետև Միացյալ Նահանգները վերջին անգամ 25 տարի առաջ է դիրքորոշում արտահայտել այս հարցով: Սենատում մեր տեսակետը առաջ մղելու մեր կարողությունը սահմանափակ է, ինչը պայմանավորված է Սենատի կառուցվածքով: Նկատի ունեմ այն, որ Սենատում ամեն նահանգից երկուական սենատոր կա, և նրանք հավասար ձայնի իրավունք ունեն՝ ասենք՝ Կալիֆորնիայից, որտեղ մենք մեծաթիվ հայ համայնք ունենք, ընտրված երկու սենատորները, և Արկանզասից սենատորները, որտեղ շատ քիչ հայեր են ապրում: Ահա թե ինչու ճանաչման մեր գործը առաջ տանելու առումով Սենատը մեզ համար ավելի բարդ միջավայր է, քան Ներկայացուցիչների պալատը:

Այդուամենայնիվ, ունենալով մեծ աջակցություն Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի և իմ նահանգից՝ Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքի կողմից, մենք կարողացանք օրակարգ մտցնել այս բանաձևը, ունենալով Սենատի բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը: Այն ընդունվեց ձայների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել, և երկու շատ ազդեցիկ հանրապետական սենատորներ են կողմ քվեարկել՝ Ջոն ՄըքՔեյնը՝ նախագահի նախկին թեկնածու, և Մարկո Ռուբիոն, ով երիտասարդ, նորընտիր սենատոր է Ֆլորիդայից և նախագահ դառնալու ամբիցիաներ ունի: Նա արմատներով Կուբայից է: Եվ շատ կարևոր էր, որ նրանք երկուսն էլ կողմ են քվեարկել այս բանաձևին: Վերադառնալով Ձեր հարցին, մենք հույս ունենք այս բանաձևը քննարկման առարկա դարձնել նաև Սենատի լիագումար նիստում: Դա դժվար խնդիր է լինելու, այդուհանդերձ, Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարի Ռիդը՝ Նևադայից, այս օրինագծի համահեղինակներից է, և ունենալով նրա աջակցությունը, ինչպես նաև վայելելով ազդեցիկ հանրապետականների աջակցությունը, մենք հույս ունենք, որ կկարողանանք բանաձևը քվեարկության դնել: Բայց քանի որ 41 սենատորներ Սենատում կարող են արգելափակել այն, դա լուրջ մարտահրավեր է: Մենք ամեն ինչ անելու ենք այն առաջ տանելու համար:

Բանաձևերը ընդունվում են առանց նախագահի կողմից ստորագրվելու, այնպես որ՝ կոնկրետ այս բանաձևը նախագահի սեղանին չի դրվելու: Սակայն պետք է ասեմ, որ Ներկայացուցիչների պալատում երեք շաբաթ առաջ մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել: Համահեղինակներ են Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Էդ Ռոյսը և կոնգրեսական Էլիոթ Էնգելը Նյու Յորքից: Ասեմ, որ նրանք երկուսն էլ վաղը Հայաստանում կլինեն, և նրանք երկուսն էլ, համապատասխանաբար, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հանրապետական և Դեմոկրատական խմբակցությունների ղեկավարներն են, և ներկայացրել են այս օրենսդրական նախաձեռնությունը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին իր ամենամյա «Կրոնական ազատությունների մասին զեկույցում» ներառել ենթաբաժին՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների բռնագրավված ունեցվածքի մասին հաշվետվություն:

«Ազատություն»․ - Խոսքը հայկակա՞ն համայնքի մասին է:

Քեն Խաչիկյան․ - Դրա մեջ կներառվեն Թուրքիայի հայկական, ասորական, հունական, կիպրական փոքրամասնությունները: Իհարկե, դրա մեծ մասը հայերից խլված ունեցվածքն է՝ մոտավորապես երկու հազար եկեղեցիներ, եկեղեցապատկան հողեր, հաստատություններ՝ դպրոցներ, համայնքային կենտրոններ, գերեզմանոցներ, հիվանդանոցներ և այլն: Սա շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը, եթե ընդունվի Ներկայացուցիչների պալատի, այնուհետև՝ Սենատի կողմից, կդրվի նախագահի սեղանին: Հենց այդ պատճառով էլ ես դրա մասին եմ խոսում:

«Ազատություն»․ - Կներեք ընդհատելու համար, ուզում եմ հարցնել՝ սա կարելի՞ է գնահատել որպես ճանաչման մեկ այլ ձև, թե՞ սա այլ բան է: Սրա մեջ Ցեղասպանության ճանաչմանն առնչվող ձևակերպումներ կա՞ն:

Քեն Խաչիկյան․ - Ոչ, նման ձևակերպումներ չկան, բայց սա կարևոր է վնասի վերականգնման, ունեցվածքի հատուցման առումով․․․

«Ազատություն»․ - Այո, շատ կարևոր է և շատ պրագմատիկ:

Քեն Խաչիկյան․ - Եվ քանի որ շեշտը դրվում է եկեղեցիների և կրոնական համայնքների ունեցվածքի վրա, հավանականությունը, որ ավելի մեծ թվով կոնգրեսականներ կուզենան աջակցել օրինագծին, մեծանում է, քան եթե սրանում շեշտը դրվեր կոնկրետ Ցեղասպանության ճանաչման վրա: Առավել ևս, որ սրանում ներառված են մյուս քրիստոնյա համայնքները՝ ասորիները, հույները, կիպրոսցիները: Դա է՛լ ավելի կընդլայնի շրջանակները, և մենք հույս ունենք, որ ավելի լայն՝ համաեկեղեցական մոտեցումներ որդեգրելով և կենտրոնանալով ունեցվածքի վրա, մենք թե՛ մեծացնում ենք օրինագծի ընդունման հավանականությունը և թե՛ շատ կարևոր նախադեպ ենք ստեղծում: Բացի այդ, հարց է բարձրացվում՝ որտեղի՞ց հայտնվեցին այս եկեղեցիները, որ Թուրքիան բռնագրավել է: Մենք նրանց հետ որևէ պայմանագիր չենք կնքել, մեր նախապապերը որևէ գործարք չեն կնքել այդ եկեղեցիները Թուրքիային փոխանցելու վերաբերյալ, հետևաբար՝ ակնհայտ է դառնում, որ դրանք բռնագրավվել են իշխանությունների կողմից: Ընդ որում, առավել քան հետաքրքիր է, որ այդ ժամանակ Թուրքիայում գործող օրենքով անգամ արգելվում էր կրոնական համայնքների ունեցվածքի բռնագրավումը: Եվ հասկանալի է, որ դրանք Թուրքիայի կողմից գրավվել են որպես Ցեղասպանության գործընթացի մաս և արդյունք:

Տեսեք, չնայած այս օրինագիծը Ցեղասպանության ճանաչման կոչ չի անում, այն, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում դրա հետևանքների վրա և արդարության խնդիր բարձրացնում:

«Ազատություն»․ - Այսինքն, ավելի շատ խոսք է գնում հատուցման մասին: Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունվի: Դա արդյոք չի՞ նշանակում, որ նա նաև արգելափակելու է այս՝ Ձեր հիշատակած օրինագիծը:

Քեն Խաչիկյան․ - Չեմ կարծում, որ նա նման բան կանի: Կարծում եմ՝ Բեյները թույլ կտա, որպեսզի այս օրինագիծը քվեարկության դրվի, և նույնիսկ կարող է անձամբ աջակցել սրան: Ավելին, կոնգրեսական Բեյները իր քաղաքական կարիերայի նախնական շրջանում նույնիսկ աջակցել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի, սակայն, ինչպես, ցավոք, Կոնգրեսի բազմաթիվ այլ անդամներ, նա հանգել է այն համոզմունքին, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ ավելի կարևոր են: Սակայն, այս ամենով հանդերձ, նա ընդունում է կրոնական ազատությունների կարևորությունը և անընդունելի է համարում եկեղեցական ունեցվածքի բռնագրավումը: Այնպես որ, կարծում եմ, մեծ հավանականություն կա, որ նա թույլ կտա քվեարկության դնել այս օրինագիծը:

«Ազատություն» ․ - Վերադառնալով ճանաչման խնդրին՝ տարբեր երկրների կողմից ճանաչման այս գործընթացին, կարելի՞ է ասել, որ վերջնական արդյունքը լինելու է ամբողջ աշխարհի կողմից Թուրքիայի վրա ճնշման գործադրումը: Ուզում եմ ասել՝ ձեր նպատակը, ի վերջո, Թուրքիայի կողմից ճանաչումն է, այդպես չէ՞:

Քեն Խաչիկյան․ - Ճիշտ այդպես: Նպատակը ոչ թե Ֆրանսիայի, Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի կողմից ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից ճանաչումն է: Իսկ այլ երկրների կողմից ճանաչումը պարզապես միջոց է նպատակին հասնելու համար: Այս ամենը, ինչպես ճիշտ նկատեցիք, պարզապես Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն է ուղղված: Սա նման է Հարավային Աֆրիկայում խտրականության դեմ պայքարին: Այնպես չէ, որ Հարավային Աֆրիկայի՝ խտրականության վրա հիմնված իշխանությունները հանկարծ որոշեցին կամովին հանձնել իշխանությունը: Ոչ, նրանք պարզապես ենթարկվեցին հսկայական միջազգային ճնշման և հասկացան, որ իրենց դիրքորոշումը քննադատության չի դիմանում: Հիմա մենք ուզում ենք Թուրքիային դնել այնպիսի իրավիճակում, երբ նրանց ոչ մի այլ բան չի մնում Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի: Այնպես որ, այո՛, մեր նպատակն է՝ նախ՝ Թուրքիայի կողմից ճանաչումը, և երկրորդ՝ արդարությունը, հատուցումը Թուրքիայի կողմից:

«Ազատություն»․ - Այժմ խոսակցություններ կան, որ Հայաստանի նախագահը կարող է հետ կանչել հայ - թուրքական արձանագրությունները: Ինչպե՞ս կգնահատեք այս հեռանկարը, Ձեր կարծիքով՝ դա ճի՞շտ քայլ կլինի: Առհասարակ, ի՞նչ կարծիքի եք արձանագրությունների մասին: Այդ գործընթացի մեջ մտնելը մեզ համար որևէ դրական ազդեցություն ունեցա՞վ: Նախագահը, օրինակ, պնդում է, որ դրանք որոշակի օգուտ են բերել: Թե՞ Դուք այլ կարծիք ունեք:

Քեն Խաչիկյան․ - Ես, իհարկե, հարգում եմ նախագահին, բայց կարծում եմ, որ արձանագրությունների հարցում նա չարաչար սխալվում է: Ես չեմ կարծում, որ դրանցում որևէ դրական բան կար: Ավելին, կարծում եմ, որ դրանք մեծ վնաս հասցրեցին Հայաստանին և Հայոց ցեղասպանության ճանաչման գործին:

«Ազատություն»․ - Նա ասում է, որ դա այդպես չէ, և եթե այդպես լիներ՝ ԱՄՆ-ի Սենատը այս բանաձևը չէր ընդունի:

Քեն Խաչիկյան․ - Իրականում, արձանագրությունների ստորագրումից հետո՝ անցած մի քանի տարիների ընթացքում, աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ չի գնացել, որովհետև Թուրքիան ամենուրեք բերում է փաստարկը, թե՝ Հայաստանը և Թուրքիան հաշտեցման գործընթաց են նախաձեռնել և պետք չէ դրան խանգարել: Եվ միայն հիմա, 5 տարի անց մարդիկ տեսնում են, որ այդ ամենը պարզապես Թուրքիայի համար ժամանակ ձգելու հնարավորություն էր: Այնպես որ, այս առումով՝ արձանագրությունների առումով, Թուրքիան հաղթեց, իսկ Հայաստանը տանուլ տվեց: Թուրքիան 4.5 տարի ժամանակ շահեց:

Ես չգիտեմ, թե նախագահի կարծիքով Հայաստանն ինչ է շահել, բայց ես անտարակույս կխրախուսեի և կաջակցեի նախագահին՝ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչման հարցում: Թուրքիան արձանագրությունները վավերացնելու կարիք չունի, որովհետև նրանք ստանում են այն, ինչ ուզում էին՝ ցեղասպանության ճանաչման կասեցում:

Ավելին, ես չեմ հասկանում, թե Հայաստանի որևէ նախագահ ինչպե՞ս կարող է ստորագրել այնպիսի համաձայնագրի տակ, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Իհարկե, Հայաստանի նախագահը կարող է ասել, որ դա այն չէ, ինչ գրված է արձանագրություններում, բայց Թուրքիայի նախագահը և վարչապետը դա հենց այդպես են մեկնաբանում: Նույնը՝ Թուրքիայի արտգործնախարարը: Եվ նրանք բազմաթիվ անգամներ ասել են, թե ողջունում են պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, չնայած Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային հանձնաժողովը բազմաթիվ անգամներ փաստել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Այնպես որ, չնայած Թուրքիայի խաբեություններին, պատմաբանները խոսել են՝ միաձայն և միանգամայն պարզորոշ կերպով հաստատելով, որ սա ցեղասպանություն է: Եվ այժմ ժամանակն է, որ Թուրքիան քայլ անի և ընդունի, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այնպես որ, Հայաստանի նախագահը պետք է ճիշտ քայլ անի և հետ կանչի իր ստորագրությունը:

«Ազատություն»․ - Այժմ եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին՝ Հայաստանի՝ իր ազգաբնակչությունը կորցնելու սարսափելի կանխատեսումների մասին: Ես դա նույնիսկ կանվանեի հայ ազգաբնակչության գաղթ, որն էպիկական չափերի է հասել: Հայ դատը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կարո՞ղ են ինչ-որ բան անել այս արտագաղթը կասեցնելու համար:

Քեն Խաչիկյան․ - Նախ կցանկանայի համաձայնությունս հայտնել Ձեր ձևակերպմանը: Իսկապես արտագաղթը ողբերգական մի խնդիր է Հայաստանի համար: Մարդկանց արտահոսքը պարզապես սարսափելի է: Դրա պատճառները, իհարկե, հասկանալի են՝ մարդիկ հեռանում են տնտեսական խնդիրների պատճառով: Մարդիկ չեն կարողանում տուն պահել, հաց վաստակել, և այդ առումով՝ սա հասկանալի է: Այդ ամենով հանդերձ, սա սարսափելի հարված է Հայաստանին, երկրի ապագային, և առաջին քայլը, որ պետք է արվի՝ իշխանությունները պետք է բարելավեն տնտեսությունը, և ոչ թե տարեկան մի քանի տոկոսով, դա բավական չէ: Մարդիկ հեռանում են, որովհետև աշխատանք են փնտրում, և ի վերջո գնալու են այնտեղ, որտեղ կգտնեն այդ աշխատանքը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կարող է անել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը․․․

«Ազատություն»․ - Ես ավելի շատ նկատի ունեի՝ դուք կարո՞ղ եք քայլեր ձեռնարկել Հայաստանին ուղղվող ամերիկյան տնտեսական աջակցությունը ավելացնելու ուղղությամբ: Նկատի ունեմ՝ դուք նախկինում ավելի հետևողական էիք այս հարցում, քան վերջին շրջանում:

Քեն Խաչիկյան․ - Միացյալ Նահանգների աջակցությունը անցած տասնամյակում կրճատվել է շուրջ 60 տոկոսով: Այս կրճատումը տեղի է ունենում այն պատճառով, որ Միացյալ Նահանգները իր օգնությունը վերահասցեավորում է այնպիսի երկրներ, ինչպիսին են Աֆղանստանը․․․․

«Ազատություն»․ - Եվ Վրաստանը․․․

Քեն Խաչիկյան․ - Այո, անշուշտ, նաև Վրաստան և այժմ արդեն Ուկրաինա: Ուզում եմ ասել՝ միշտ ինչ-որ տեղ ինչ-որ հրատապ խնդիր է ծագում, ուր և ուղղվում է ամերիկյան աջակցությունը: Բայց ամերիկյան չորս կոնգրեսականների այս այցը, որն այս օրերին է տեղի ունենում, նպատակ է հետապնդում նրանց ներկայացնել այստեղ առկա մարտահրավերները, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների է՛լ ավելի սերտացման հնարավորությունները: Այնպես որ, մենք ամերիկյան օգնությունը Հայաստանին հասցնելու ուղղությամբ աշխատանք տանում ենք և նաև քայլեր ենք ձեռնարկում տնտեսական կապերն ուժեղացնելու ուղղությամբ Հայաստանի և Սփյուռքի միջև, կոնկրետ այս դեպքում, իհարկե, խոսքը ամերիկյան Սփյուռքի մասին է՝ ներդրողների, մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների ներդրումների մասին: Մեր նպատակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը: Առանց ուժեղ և կենսունակ Հայաստանի Հայ դատ չի կարող գոյություն ունենալ, մենք չենք կարող պայքարել հանուն մի նպատակի, որի հասցեատերը հանդիսացող երկիրը գոյություն չունի: Այնպես որ, սա շատ մեծ առաջնահերթություն է ներկայացնում մեզ համար:

«Ազատություն»․ - Եվս մեկ հարց․ օրերս Ռուսաստանի նախագահը նոր միգրացիոն օրենք է ստորագրել, որով կարող է արագացվել ներգաղթը Ռուսաստան, կամ ավելի ճիշտ՝ ռուսաստանյան քաղաքացիություն ստանալն է արագացվում՝ այժմ արդեն հնարավոր է այդ երկրի քաղաքացի դառնալ, եթե դուք տիրապետում եք բազային ռուսերենին, և կարելի է քաղաքացիություն ստանալ երեք ամսում և տեղափոխվել Ռուսաստան ապրելու: Ընդ որում, ձեր հայրը, ձեր մայրը, ծնողները կարող են ռուսաստանյան թոշակ ստանալ, որը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում տրվող թոշակը: Այստեղ դուք Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք չե՞ք տեսնում:

Քեն Խաչիկյան․ - Մեզ հարկավոր է, որ մարդիկ ոչ թե հեռանան Հայաստանից, այլ վերադառնան Հայաստան: Եվ այդ առումով այն գործողությունները, որոնց արդյունքում հայերի արտահոսքը կավելանա, դա, ի վերջո, վնաս է երկրի համար: Այնպես որ, այո, Ռուսաստանի այս քայլերի մեջ ես տեսնում եմ սպառնալիք Հայաստանի կենսունակությանը:

«Ազատություն»․ - Հավելեմ, որ Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունների արդյունքում նաև սպառնալիք է ստեղծվում Հայաստանի ինքնիշխանության համար: Դրա օրինակ կարող է ծառայել, ասենք, Մաքսային միություն մտնելու որոշումը, որը հետո վերակազմավորվելու է Եվրասիական միության, իսկ դա արդեն քաղաքական միություն է, և դրան միանալով մենք, փաստորեն, զիջում ենք մեր ինքնիշխանության զգալի մասը և այլևս չենք կարողանալու որևէ երրորդ երկրի հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնել առանց վերպետական ատյաններից, Մոսկվայից թույլտվություն ստանալու: Ի՞նչ կարծիքի եք այս մասին, դա ռազմավարական առումով սխա՞լ որոշում էր:

Քեն Խաչիկյան․ - Կարծում եմ, որ այո: Հատկապես այն, թե դա ինչպես արվեց՝ դա փաստորեն նախագահի կողմից պարտադրվեց իր երկրին, իր ժողովրդին և անգամ իր կառավարությանը, առանց նախապես խորհրդակցություններ անցկացնելու, առանց անհրաժեշտ երաշխիքների, առանց քննարկումների, թե դա ինչպես է կյանքի կոչվելու: Հստակ է, որ Ռուսաստանը կարևոր տնտեսական գործընկեր է և Հայաստանին կարևոր անվտանգության երաշխիքներ է տրամադրում, որը թերևս որևէ այլ ուժ մեզ չի տա: Սակայն, դրանով հանդերձ, Հայաստանը մինչ այդ պահպանել էր հրաշալի չեզոք դիրք Արևմուտքի և Արևելքի միջև, և կարծում եմ, որ այս համաձայնագրի մեջ մտնելու գործընթացը և դրա հնարավոր հետևանքները բավարար կերպով կշռադատված չեն եղել, և դրանք սպառնալիքներ են ստեղծում ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաև ինքնիշխանության համար: Մենք չենք ուզում, որ Հայաստանը կրկին Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ ընկնի, բայց մենք նույն կերպ չենք ուզում, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակը դառնա: Այդ երկու տարբերակներն էլ անցանկալի արդյունքներ են, և դա հաղթահարելու միակ ճանապարհը Հայաստանի տնտեսության կենսունակության բարձրացումն է, որպեսզի Հայաստանը առողջ, աճող և անկախ պետություն լինի և ինքը կայացնի իր որոշումները իր անկախության վերաբերյալ:

«Ազատություն»․ - Հայաստանը առնվազն երկու կարևոր դաշնակից ունի Արևմուտքում՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ի՞նչ իմաստ ունի Արևմուտքին հեռու վանելը․․․

Քեն Խաչիկյան․ - Այո, և ես կարծում եմ, որ այլ դաշնակիցներ նույնպես կան: Վստահաբար Կանադան և Արգենտինան երկուսն էլ շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, և երկու երկրներում էլ մենք մեծ հայկական համայնքներ ունենք: Այս իմաստով՝ մեզ համար մտահոգիչ է Հայաստանի չեզոքություն չպահպանելու որոշումը և Ռուսաստանից չափազանց մեծ կախման մեջ ընկնելու հանգամանքը:

«Ազատություն»․ - Մենք ստացել ենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը: Նա ասում է, որ Թուրքիայում «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմակարծության հրամայականն է, ինչպես նաև ժողովրդավարության և ժամանակակից հասարակության պահանջը», «այս հույսով և հավատով է, որ մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը»: Նա նաև ասում է՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է», «Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչպիսի՞ն է Ձեր առաջին արձագանքը սրան:

Քեն Խաչիկյան․ - Ես կարծում եմ, որ սա վարչապետի կողմից լավ մտածված հայտարարություն է, բայց ցավոք՝ նա շարունակում է առաջ մղել խաբեության իր արշավը: Այս հայտարարությունում նա, իհարկե, որևէ տեղ չի խոսում ցեղասպանության մասին, այլ հիշատակում է «համատեղ վիշտը»: Ես չգիտեմ՝ նա ի՞նչ նկատի ունի «համատեղ վիշտ» ասելով: Մեր ծնողները, մեր պապերը, մեր նախահայրերը․․․ մեր ժողովուրդը, մեզ ազգն է, որ տառապել է, որ գրեթե բնաջնջվել է: Այսօր Թուրքիան վայելում է այդ սպանության, այդ ցեղասպանության պտուղները․․․ բազմաթիվ հողեր և ունեցվածք, հարստություն, որը կուտակվել է այդ երկրում, չարիքի պտուղն է՝ մեր հայրենակիցներից է խլվել, մեր հաստատություններից, մեր եկեղեցիներից: Թուրքիան միայն շահել է իր գործած այս ոճիրի արդյունքում, և այժմ Էրդողանը խոսում է «համատեղ վշտի՞» մասին: Չեմ հասկանում՝ ի՞նչ «համատեղ վշտի» մասին է խոսքը: Նա շատ բարի է գտնվել՝ ասելով, որ ցավակցում է, բայց ինչի՞ համար է նա «ցավակցում»: Նա պարզապես ասում է՝ ցավակցում է այն կորուստների համար, որ մենք կրել ենք, իսկ ի՞նչ է լինելու Թուրքիայի գործած սպանությունների հետ, հայ ազգի ցեղասպանության հետ՝ ո՞ւր է հատուցումը, վնասի վերականգնումը: Նորից եմ ասում՝ սա նրա կողմից լավ կշռադատված հայտարարություն է․․․

«Ազատություն»․ - Եվ այս հայտարարությունը կօգտագործվի նաև այլ երկրներում․․․

Քեն Խաչիկյան․ - Այո, կօգտագործվի, և մենք պարտավոր ենք հակադարձել:

«Ազատություն»․ - Այո, և ասելու են՝ տեսե՛ք, Էրդողանը արդեն ցավակցություն է հայտնում․․․

Քեն Խաչիկյան․ - Սա շատ կեղծավոր հայտարարություն է՝ ասում է՝ գիտեք ինչ, մենք Թուրքիայում բազմակարծություն ունենք․․․

«Ազատություն»․ - Նա որևէ բան ասո՞ւմ է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչում են սպանությունները, և որ հենց իշխանություններն են կազմակերպել սպանությունները:

Քեն Խաչիկյան․ - Ոչ, ոչ․․․ բայց ինքը հայտարարում է, որ Թուրքիայում ազատորեն կարելի է արտահայտվել 1915 թվականի իրադարձությունների մասին, և դա ներկայացնում է որպես բազմակարծության պարտադիր տարածք: Մինչդեռ խոսքը մի երկրի մասին է, որտեղ եթե ես և Դուք կանգնենք ու ասենք, որ ցեղասպանություն է եղել, մեզ կարող են դրա համար կալանավորել: Օրհան Փամուկը՝ միջազգային ճանաչում վայելող թուրք գրողը, դատապարտվել է ցեղասպանության մասին գրելու համար: Այստեղ Դուք բազմակարծություն տեսնո՞ւմ եք, բաց հասարակություն տեսնո՞ւմ եք:

«Ազատություն»․ - Իսկ արդյոք նա պատասխանատվությո՞ւն է ստանձնում այս ոճիրի համար: Այդ մասին, կարծես թե, ոչինչ չկա:

Քեն Խաչիկյան․ - Ոչ: Մինչդեռ, Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները ժխտգողականությունը բնութագրում են որպես Ցեղասպանության վերջին փուլ: Եվ Էրդողանը, շարունակելով ժխտել, շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն գործել: Եվ, անկեղծ ասած, ցանկացած պաշտոնյա, ով, լինի Թուրքիայում թե այլուր, խուսափում է եղածը ցեղասպանություն որակելուց, դառնում է Թուրքիայի կողմից իրագործվող այս ժխտողականության հանցակիցը և թուրքական պետության ստերի համար ճանապարհ է հարթում:

«Ազատություն»․ - Բայց գուցե սա միայն առաջին քայլ է՝ նախքան ինչ-որ այլ բան անելը: Դուք Թուրքիայի դիրքորոշման մեջ որոշակի մեղմացում չե՞ք տեսնում:

Քեն Խաչիկյան․ - Դե, կարելի է ասել, որ Էրդողանը ինչ-որ առումով փորձում է մեղմացնել դիրքորոշումը իր երկրի հասարակության համար․ թերևս հենց դա էլ տեղի է ունենում: Բայց մյուս կողմից՝ նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել՝ շատ լավ գիտի, թե իրականում ինչ է եղել, և նա պետք է տղամարդկություն ունենա և բարձրաձայնի դա: Մենք կճանաչենք նրա վաստակը, եթե նա տեղի ունեցածը ցեղասպանություն անվանի և համարժեք քննարկումներ ծավալի արդարացի փոխհատուցման շուրջ: Բայց կոնկրետ այս հայտարարությունը, իմ կարծիքով, ավելին չէ, քան լավ կշռադատված դիվանագիտություն՝ կեղծավոր մի հայտարարություն, որը շարունակում է նրանց ժխտողականության արշավը, և որևէ առաջընթաց դրա մեջ տեսնել հնարավոր չէ:

«Ազատություն»․ - Շատ շնորհակալություն, պարոն Խաչիկյան, հարցազրույցի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG