Մատչելիության հղումներ

Քեբուսիեից Պտղունք. Կյանքը մեկ դարի սահմանագծից այն կողմ


Կյանքը մեկ դարի սահմանագծից այն կողմ
please wait

No media source currently available

0:00 0:06:31 0:00
Հայելու մեջ իրեն հինգ անգամ ավելի երիտասարդ տեսնող ծերունին Խաչիկ Պապիսյանն է։ Նա ցեղասպանությունը վերապրած եզակիներից մեկն է, ով հատել է մեկ դարի սահմանագիծը։

Ի տարբերություն հայելու, անձնագիրը այլ տարիք է ասում։ 104 տարեկան է, ծնվել է 1910 թվականին։ Տարիքի հարցում անձնագիրը չի խաբում, բայց ծննդավայրը, հարազատների վկայությամբ, սխալ է գրված։ Իրականում ծնվել է Մուսա լեռան ստորոտի վեց գյուղերից մեկում՝ Քեբուսիեում՝ արհեստավորի ընտանիքում։

Ցեղասպանությունը վերապրած ծերունին 1915-ի և դրան հաջորդած դեպքերի մասին խոսել չի սիրում։ Ապրում է ներկայով, մշակում է իր փոքրիկ այգին, զբաղվում մեղվապահությամբ։ Պատանու առույգությամբ ու երեխայի խանդավառությամբ ուղեկցում ու ցույց է տալիս սեփական ձեռքերով մշակվող հարստությունը։

«Էս իմ այգին է, տես, էս կողմից մինչև էն կողմը, դեղձ կա, խնձոր կա, տանձ կա, պոպոք կա, ծիրան կա, ամեն ինչ կա... գիտես, ինչքան դեղձ կերա անցյալ տարի, ամեն մեկը էսքան»,- ձեռքով պտղի մեծությունն է ցույց տալիս Խաչիկ պապը։

Այստեղ էլի ընկնում է հիշողության գիրկը՝ հիշում հայրենի Քեբուսիեի այգին, որտեղ դեղձի, ծիրանի ու խաղողի փոխարեն լիմոն ու նարինջ էին աճեցնում։

«Ով որ լավ է աշխատում, նա երկար կապրի, ես շատ եմ աշխատել»,- ժպտում է Խաչիկ պապին՝ բացահայտելով երկարակեցության գաղտնիքն ու ոչ պակաս հպարտությամբ, քթի տակ երգելով ուղեկցում իրեն աշխատասիրության դասեր տվող ժրաջան մեղուների աշխարհը։

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Մուսա լեռան շրջակայքի վեց հայկական գյուղերը մինչև 1915-ը ունեցել են մոտ 6000 բնակիչ: Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի արդյունքում փրկված մոտ 4 հազար մուսալեռցիներ ֆրանսիական ռազմանավերով տեղափոխվել էին Եգիպտոս: Առաջին համաշխարհայինում Թուրքիայի պարտությունից հետո` 1919-ին նրանք վերադարձան իրենց ծննդավայր, սակայն կարճ ժամանակով։ 1939-ին Ալեքսանդրետի շրջանը Թուրքիային անցավ՝ Մուսա լեռան վեց հայկական գյուղերով: Մուսալեռցիները կրկին բռնեցին գաղթի ճամփան, տեղափոխվեցին Լիբանան, այնուհետ՝ Հայաստան։ Գաղթի այդ երկար ճանապարհը Խաչիկ Պապիսյանն անցկացրել է մոր գրկում, այս դեպքերի մասին հիշողությունները կցկտուր են, բայց՝ խոսուն։

«Թուրքերը վառեցին, մենք էլ թողեցինք, փախանք... փախանք, որովհետև վռնդում էին հայերին թուրքերը»։

Բնիկ մուսալեռցի Խաչիկ Պապիսյանը, ում հարևանները Խաչիկ ամու են ասում, վեց զավակ ունի, բայց ապրում է միայնակ, հայաստանյան Մուսալեռ գյուղից մեկ գյուղ այն կողմ՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում։ Դատարկ ու լուռ սենյակներին կենդանություն են տալիս միայն ընտանեկան ալբոմից պահպանված, այսօր արդեն փաստագրություն դարձած լուսանկարները։

Լուսանկարների մեծ մասում կյանքի ընկերն է՝ տիկին Գոհարը, նրան հիշում է քնքշությամբ ու կարոտն առնում նկարի առջև թարմ յասամաններ դնելով։

«Վաաայ, ինչ աղջիկ էր, մեռնում էի դրա համար, ազնվությամբ եմ ասում»,- կարոտով ժպտում է Խաչիկ պապը։

Անցյալի հուշերից 104-ամյա Խաչիկ Պապիսյանին ներկա է տեղափոխում ձեռքի ժամացույցը։ Իր կյանքի ժամանակն արդեն սլաքներով չի չափվում։ Հրճվում է, թե մի դարը հատել է, բայց անցածն անցել է.- «Ապրել եմ, բա ոնց, մի դար, էհ, կյանքս գնաց...»։

Սիրած կնոջը, հարազատներին ու համագյուղացիներին ճանապարհ դրած, մահ, ցավ ու ցեղասպանություն տեսած ծերունին հրաժեշտ տալիս անգամ կյանքից ու ապրելու կամքից է խոսում։

«Պիտի ապրեմ, բա ոնց»,- ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG