Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Եթե Պուտինն այստեղ գա, դեռ հայտնի չէ, թե ռուսները ում կողմից կկռվեն


Լուկաշենկոն հիմարություն է որակել Բելառուսում ռուսներին ճնշելու մասին լուրերը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Լուկաշենկոն հիմարություն է որակել Բելառուսում ռուսներին ճնշելու մասին լուրերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ամենամյա ուղերձով դիմել է Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին: Մի քանի ժամ տևած ելույթում Լուկաշենկոն անդրադարձել է թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Ուկրաինական հարցում Բելառուսի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը` դաշնայնացմանը կտրուկ դեմ է։

«Հիմա ինձ մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հարավ-արևելքում: Գուցե մեր ռուսաստանցի բարեկամներին դուր չի իմ այդ դիրքորոշումը, բայց ես ոչ ազնիվ կգտնվեի, եթե այդ հարցը շրջանցեի, և սրիկա կլինեի, եթե ասեի ոչ այն, ինչ մտածում եմ և պաշտպանեի որոշ ռուսաստանցիների կարծիքը»,- ասել է նա։

«Ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչ նպատակով է արվում այդ դաշնայնացումը և ինչի կարող է այն հանգեցնել: Այս փուլում մենք փաստացի և իրավական առումով ուկրաինացիների ձեռքով կամրագրենք Ուկրաինայի բաժանումը` արևմուտքի և արևելքի միջև, իսկ վաղը բացառված չէ, որ ինչ-որ մեկն այդ ֆեդերացիայի մի մասը պոկի»:

Ուկրաինայում Ռադան լեգիտիմ է, ասում է Լուկաշենկոն, նախագահի պարտականությունները կատարող Տուրչինովը ևս, այդ պատճառով Ուկրաինայի իշխանությունների հետ երկխոսում են, չնայած Բելառուսի նախագահի խոսքով` եթե շահեր ունես սատանայի հետ էլ կնստես բանակցությունների: Տուրչինովի մասին Լուկաշենկոն դրական է արտահայտվում, շատ աստվածավախ մարդ է, ասում է, իհարկե ուկրաինական ազգայնականությունը նրա մեջ շատ է, սակայն նա Ռուսաստանի և Բելառուսի համար ամենավատ տարբերակը չէ:

«Մեզ դուր չի գալիս, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում, բայց դա այլևս իրողություն է և պետք է դրանից ելնել»,- հայտարարել է Լուկաշենկոն` նույն մոտեցումը տարածելով նաև Ղրիմի հարցում:

Լուկաշենկոյի խոսքով` փաստացի Ղրիմն այլևս Ռուսաստանինն է: Բելառուսի նախագահը հետևյալ փաստարկն է բերում՝ եթե Ուկրաինան Ղրիմը իրենը համարեր, կպայքարեր այն պահելու համար:

Բելառուսի նախագահն իր օրինակն է բերում` ասելով, թե առաջինն ինքը որպես գերագույն գլխավոր հրամանատար իր ուժայինների հետ կգնա սահմանները պաշտպանելու:

«Եթե Աստված չտա` արևելքից թե արևմուտքից որևէ մեկի սապոգը հայտնվի բելառուսական հողում, մենք ամեն մի սանտիմետրի համար կկռվենք, ով էլ որ գա»,- շեշտել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք Ռուսաստանին աջակցում են իբրև իրենց դաշնակցի և իբրև մի պետության, որ դժվարին պահերին մշտապես օգնության է հասել իրենց։ Այժմ իրենք պատճառ չեն տեսնում Ռուսաստանից հրաժարվելու և այդ երկրին չաջակցելու համար, քանի որ Ռուսաստանից Բելառուսի դեմ դրսևորումներ չկան:

Իսկ այն մարդկանց, ովքեր ասում են, թե վաղը Պուտինը կգա և Բելառուսը կգրավի, Լուկաշենկոն պատասխանել է` ով էլ որ գա, իրենք իրենց երկրի համար կռվելու են:

«Իսկ եթե այստեղ գա Պուտինը, դեռ հայտնի չէ, թե ռուսները ում կողմից կկռվեն»,- եզրափակել է Լուկաշենկոն:

Ռուսաստանն այստեղ խնդիրներ չունի, շարունակել է Բելառուսի նախագահը, և հավելել, որ որոշ ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուսներին կամ ռուսերեն լեզուն Բելառուսում ճնշումների են ենթարկում, նշանակում է սադրանքներ հրահրել:

«Ռուսերենը ռուսաստանցիներինը չէ, դա մեր լեզուն է, իմ լեզուն է, ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը այն սեփականաշնորհի և դրոշակի նման թափահարի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ըստ վերլուծաբանների` իր այս ելույթում Լուկաշենկոն շատ ուշագրավ և աննախադեպ հայտարարություններ է արել բելառուսերենի և իրենց պետության ինքնիշխանության պաշտպանության օգտին: Նա իր ելույթը սկսել է հենց այս թեմայով և չորս ժամանոց ուղերձի ընթացքում շեշտել, որ այդ թեման ամենևին պատահական չի ընտրել որպես իր խոսքի բացում:

Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսերենն ու ռուսական մշակույթը երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի համար ընդհանուր արժեք է, իրենց հոգևոր հիմքը, իրենց մշակութային հարստությունը և հրաժարվել դրանից, նշանակում է բանականությունը կորցնել, սակայն, եթե իրենք կորցնեն բելառուսերենը, կդադարեն ազգ լինել: Բելառուսի նախագահը կոչ է արել իր ժողովրդին` միջազգային իրավիճակի սրման ֆոնին ամրացնել սեփական երկրի անկախությունը:

«Մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք մեր գլխավոր արժեքը` երկրի անկախությունը, սեփական հողում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու սուրբ իրավունքը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG