Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ին չի մտահոգում Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությունը


ՀՀԿ-ին չի մտահոգում Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությունը չի մտահոգում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։

ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտավախություն չուներ, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգը կարող է Հայաստանից արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ։

Երկու օր առաջ ուժի մեջ մտած օրենքը, հիշեցնենք, նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ռուսաց լեզվին լավ տիրապետող անձանց երեք ամսում Ռուսաստանի անձնագիր ստանալու հնարավորություն է տալիս, եթե նրանք հրաժարվեն իրենց երկրների քաղաքացիությունից։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Պետդումայում կառավարության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ իրենք շահագրգռված են օտարերկրացիների հաշվին երկրում աշխատուժի ավելացմամբ, պետք են ինչպես բարձրորակ մասնագետներ, այնպես էլ դռնապաններ ու հավաքարարներ։ Բայց, ըստ Մեդվեդևի, օտարերկրացիները պետք է հարմարվեն Ռուսաստանի կյանքին, ավանդույթներին և սովորույթներին և «իրենց սեփական սովորույթները չպարտադրեն տեղի բնակիչներին»։

Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը դրական համարեց օրենսդրական փոփոխություններն այն իմաստով, որ Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և կարգավիճակի խնդիրներ ունեցող հայերի հարցը կլուծվի։ Ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ Հայաստանը կարող է դատարկվել, քանի որ շատերը կարող են փորձել օգտվել այդ հնարավորություններից, Սահակյանը չհամաձայնեց:

«Ոչ, կան պինդ հայեր, որոնք իրենց երակներում կրում են նպատակներ, գաղափարներ, նրանք ամուր են և ուղղորդող են ազգին, այնպես, որ գաղափարախոսությունը ներարկված է մարդկանց արյան մեջ»,- ասաց նա։

Տարբեր հաշվարկներով Ռուսաստանի պարզեցված միգրացիոն օրենսդրությունը կարող է տարածվել Հայաստանի առնվազն 300 հազար քաղաքացիների վրա։ Ազգագրագետները, Մոսկվայի գործողություններին ընդդիմացող վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանը հարևան երկրների քաղաքացիներին այսպես ասած՝ «յուրացնելու» հաշվին թուլացնում է այդ երկրները, ուժեղացնում է իր ազդեցությունը, ինչը կարող է մի օր հանգեցնել նախկին խորհրդային մի շարք երկրներում Ռուսաստանի տիրապետության հաստատմանը։

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծում են, որ Ռուսաստանին մեղադրել պետք չէ՝ Ռուսաստանն իր ազգային ու պետական շահերով է առաջնորդվում, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ չեն, որ Հայաստանի քաղաքացիները մնան սեփական երկրում.

«Եթե մենք չունենք պայմաններ, եթե մենք չենք կարողանում պայմաններ ստեղծել մեր քաղաքացու համար, որը օգտվում է վերոհիշյալ օրենքից և լքում է Հայաստանը, այստեղ ո՞վ է մեղավոր, Ռուսաստա՞նը , թե՞ մենք: Մե՛նք ենք մեղավոր»,- «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը,- «Այսօր ես գիտեմ, որ կան ընտանիքներ, որոնք ուղղակի ուրախության մեջ են և պատրաստվում են հեռանալ։ Եվ ինձ համար անհասկանալի է, որ քննադատում ենք Ռուսաստանին, փոխանակ հետադարձ հայացքով նայենք՝ ինչո՞ւ է մեր քաղաքացին հեռանում Հայաստանից։ Տագնապ կա, այլևս, տագնապ կա, որովհետև մենք ժողովրդագրության առանց այն էլ լուրջ խնդիրներ ունեինք, սա ավելի է նպաստում դրան»։

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ էլ Հայաստանի կառավարության «ապաշնորհ» քաղաքականությունն է արտագաղթի պատճառը, ոչ թե որևէ այլ երկիր:

«Չեն արտագաղթում միայն սոցիալական հարցերի պատճառով, արտագաղթում են հեռանկար չտեսնելու պատճառով, անարդարության վիճակը հեղձուցիչ է դարձել, սա է խնդիրը և սրանք արագ լուծվող հարցեր են»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ռուստամյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոնկրետ թվերով է խոսում. մինչ Ռուսաստանում նոր օրենքի ընդունումը, պատգամավորի ներկայացրած հաշվարկներով, Հայաստանից տարեկան առնվազն 100 հազար մարդ է գնացել՝ մի մասը սեփական երկրում պաշտպանված չլինելու զգացողության, մյուս մասը՝ գործազրկության կամ ցածր աշխատավարձի պատճառով։ Մանուկյանի վկայակոչած ուսումնասիրությունների համաձայն Ռուսաստանում աշխատող հայերը ամսական ստանում են նվազագույնը 300 հազար դրամին համարժեք աշխատավարձ. այժմ նոր օրենսդրությունը նրանց հնարավորություն կտա հեշտացված կարգով նաև ընտանիքները տանել Հայաստանից:

«Հայաստանի իշխանությունները լուծում են ընդամենը մի խնդիր՝ գումար հավաքել քաղաքացուց, և արդյունքում քաղաքացին չի դիմանում, ուղղակիորեն չի դիմանում։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին չգնա, եթե երկիրը դրած իրեն է թալանում։ Աշխատատեղ չի ստեղծում, արտադրություն չի ստեղծում, իր վերջին կոպեկը հավաքում է, տանում մասնավորին է տալիս, ինչո՞ւ պետք է չարտագաղթի։ Գազի գները բարձրացնում են, գազի սպառումը ամեն տարի 5 տոկոս պակասում է: Է՜, թանկացրեք այնքան, որ էլ մարդ չմնա Հայաստանում։ Ավելացրեք տուգանքները կարմիր գծերի, այնքան, որ 1000 դոլար դառնա և Հայաստանում չմնա որևէ մուծող... սա քաղաքականություն չի, սա վայրագություն է սեփական ժողովրդի նկատմամբ, սա ոչնչացում է սեփական ժողովրդի աշխատելու հնարավորության, և, բնականաբար, մարդիկ արտագաղթելու են։ Ոչ մեկը չի ցանկանում արտագաղթել, յուրաքանչյուրը ստիպված է արտագաղթում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր Արամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG