Մատչելիության հղումներ

Ավանեսյան․ «Ռիսկերը, որ տնտեսական աճը ավելի քիչ լինի, ավելի շատ են»


Հայաստանի կառավարությունում ընդունում են՝ հավանականությունն ավելի մեծ է, որ չեն կարողանա ապահովել այս տարվա պետբյուջեով նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճը:

Անցած տարի, օրինակ, Հայաստանի իշխանությունները չկարողացան ապահովել պետբյուջեում սահմանված տնտեսական աճը․ 2013-ի պետական բյուջեով նախատեսված էր ապահովել 6 տոկոս աճ, մինչդեռ տարին ամփոփվեց 3.5 տոկոսով:

«Միշտ այդ հնարավորությունը կա, որ տնտեսական աճը ավելի ցածր լինի, քան կանխատեսված է: Այսօր մենք հետևյալն ենք ասում, որ ռիսկերը, որ տնտեսական աճը ավելի քիչ լինի, ավելի շատ են, քան թե բարենպաստ գործոնները, որ ավելի բարձր լինի», - ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում փոխանցեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:

Ավանեսյանը նման հեռանկարը նախևառաջ բացատրեց Ռուսաստանում տնտեսական իրադրության վատացմամբ․ ռուսաստանյան տնտեսության վրա բացասաբար են ազդում նաև ուկրաինական ճգնաժամն ու Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

«Այն պատճառով, որ դրանք շուկաներ են մեր ապրանքների համար, և նաև այն պատճառով, որ ներդրումներն են այս երկրներից Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս, և նաև տրանսֆերտները: Այդ տեսանկյունից՝ ցանկացած վատթարացումը Ռուսաստանի տնտեսության, և ընդհանրապես՝ ԱՊՀ երկրների տնտեսության, իհարկե, բարվոք համարել Հայաստանի տնտեսության համար չի կարելի», - ասում է նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ, Վահրամ Ավանեսյանը նշում է, որ եթե իրավիճակը փոխվի դեպի լավը՝ «մենք կարող ենք ակնկալել այն արդյունքները, որոնք կանխատեսել ենք»:

«Տնտեսությունում ստեղծված իրավիճակը դարձել է ավելի լարված․ ներքին գործոններին ավելացել է արժութային, ֆինանսական շուկաներում անորոշության բարձր աստիճանը, կապիտալի լուրջ արտահոսքը»,- ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, անցած չորեքշաբթի հայտարարել էր Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Նույն «ՌՒԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, մարտի վերջին Ուլյուկաևը հայտարարել էր՝ եթե 2014-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը անցնի 150 միլիարդ դոլարի սահմանը, ապա երկիրը 1.8 տոկոս տնտեսական անկում կապրի:

Տնտեսագետ Սամվել Ավագյանի գնահատմամբ, Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները կարող են Հայաստանի վրա ազդել արդեն առաջիկա ամիսներին: Ավագյանի փոխանցմամբ, թեև Ռուսաստանն իր նավթա-գազային դոլարներից շարունակում է լուրջ ներդրումներ կատարել որակյալ տնտեսական զարգացում ապահովելու համար, սակայն փաստն այն է, որ այսօր Մաքսային միության առանցքային տնտեսությունը շարունակում է կախված մնալ «նավթային ասեղից»:

«Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք՝ տրանսֆերտների և նավթի գների միջև ուղղակի կապ կա վերջին տասնամյակի կտրվածքով», - հավելում է տնտեսագետը՝ արձանագրելով, որ Հայաստանը ևս, միջնորդավորված կերպով, կախված է նույն «նավթային ասեղից»:
XS
SM
MD
LG